Ալբանիայում խորհրդարանական ընտրություններին հետևած անկարգությունների հետևանքով ընդդիմադիր ակտիվիստ է սպանվել
Ալբանիայում շաբաթ օրն անցկացվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ անկարգություններ են տեղի ունեցել հյուսիսարևմտյան Լակ քաղաքում, հայտնում է The Guardian-ը:
Անկարգությունների հետևանքով ընդդիմադիր ակտիվիստներից մեկը սպանվել է, ևս մեկ քաղաքական գործիչ՝ վիրավորվել:
Արևմտյան դիտորդները, աղբյուրի հաղորդմամբ, իրենց մտահոգությունն են հայտնել երկրի ժողովրդավարության վերաբերյալ: Ալբանիայում անցկացվող այս ընտրությունները դիտարկվում են որպես կարևոր փորձարկում երկրի ժողովրդավարական ինստիտուտների համար այն պարագայում, երբ Ալբանիան համարվում է Եվրամիությանն անդամագրվելու հավանական թեկնածու երկիր:
Երկրի վարչապետ Սալի Բերիշան, ով գլխավորում է իշխող Դեմոկրատական կուսակցությունը, կարող է երրորդ անգամ ընտրվել կառավարության ղեկավար, սակայն ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության առաջնորդը կարող է լուրջ մրցակցություն ստեղծել:
Անկարգությունների հետևանքով կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակիցներից քչերն են մնացել իրենց տեղերում, և վերջիններս դժվարանում են վերջնական հաշվարկ անել՝ պարզելու ընտրության արդյունքները, հաղորդում է աղբյուրը:










