Բուլղարիայում հակակառավարական ցույցեր են, Սոֆիայում փողոց է դուրս եկել 6000 մարդ

00:31 • 23.06.13

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթանում են հակակառավարական ցույցեր, որոնց մասնակցում է մոտ 6.000 մարդ: Ցուցարարները երթ են կազմակերպել քաղաքի կենտրոնական փողոցներով՝ ամբողջովին կաթվածահար անելով երթևեկությունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Հակակառավարական ցույցերի մասնակիցները պահանջում են, որպեսզի Բուլղարական Սոցիալիստական կուսակցությունը և «Հանուն իրավունքի և ազատության շարժումը», որոնք ձևավորել են հանրապետության կառավարությունը, հրաժարվեն իշխանությունից:


Մոտ 2.000 մարդ բողոքի ցույցի է ելել Պլովդիվում՝ փակելով քաղաքի մի քանի գլխավոր փողոցներ: Հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Վարնայում՝ պահանջելով կառավարության հրաժարականը:


Բուլղարիայում հակակառավարական ցույցերը սկսել են այն բանից հետո, երբ երկրի Ազգային անվտանգության
պետական ծառայության ղեկավար է նշանակվել Դելյան Պեևսկին, ով թուրքերի շահերը ներկայացնող կուսակցության անդամ է: Ավելի ուշ այս նշանակումը չեղյալ է հայտարարվել, սակայն ցույցերը չեն դադարում: