Ամերիկացի նախկին ԿՀՎ-ական Սնոուդենը հասել է Մոսկվա և ապաստան է պահանջել Էկվադորում
Մոսկվա է ժամանել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին տեղափոխող օդանավը,հայտնում է Russia Today-ը: Gazeta-ն գրում է, որ Պուտինն իմացել է Մոսկվայով նրա անցնելու մասին և հավանություն է տվել թռիչքին:
Ռուսական ԶԼՄ-ները փորձում են հասկանալ, թե որ երկիր կտեղափոխվի Սնոուդենը, որը աշխարհին բացահայտել էր ամերիկյան հետախուզության մեքենայությունները:
Ըստ RT-ի՝ ինքը Սնոուդենը ապաստան է պահանջել Էկվադորից՝ վկայակոչելով Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում հայտնված էկվադորցի դիվանագետի խոսքը: Հետաքրքրական է, որ ավելի վաղ հայտնված տեղեկությունների համաձայն՝ նրան նման խորհուրդ էր տվել ևս Էկվադորին դիմած նմանատիպ այլ գործիչ՝ WikiLeaks-ի Ջուլիան Ասանժը:
Նշենք, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կապալառու Booz Allen Hamilton ընկերության աշխատակից Սնոուդենը հունիսի սկզբին տարածել է դատական գաղտնի ծանուցում, որի միջոցով հատուկ ծառայությունները ստացել են Verizon խոշորագույն բջջային օպերատորի բոլոր զանգերի հասանելիությունը, ինչպես նաև PRISM ազգային անվտանգության գործակալության գերգաղտնի ծրագրի մասին տվյալներ, որը թույլ է տալիս հետևել էլեկտրոնային հաղորդակցությանը խոշոր կայքերում։
ԱՄՆ-ի ազգային հետախուզությունը հրապարակումից հետո մասամբ բացահատել է վերահսկման ծրագիրը և հայտարարել, որ այն օրինական է իրականացվում և գտնվում է ԱՄՆ իշխանությունների բոլոր ճյուղերի հսկողության տակ։










