Ռուսաստանում հայ, ադրբեջանցի, չինացի և ռուս ապօրինի անտառահատների խումբ է ձերբակալվել

10:10 • 24.06.13

Ռուս իրավապահները Պրիմորիեում ընդհատել են միջազգային կազմակերպված խմբավորման գործունեությունը, որը կասկածվում է ապօրինի անտառահատումներ իրականացնելու համար, ինչի հետևանքով 150 մլն ռուբլու վնաս է հասցվել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

«Նախնական տվյալներով՝ անտառահատների խումբը, որոնց թվում տեղաբնակներ են, Չինաստանի, Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիներ, անօրինական հատել են արժեքավոր ծառատեսակներ»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Նշվում է, որ խուզարկության ընթացքում առգրավվել է 12 միավոր հատուկ տեխնիկա, մոտ 2.000 խորանարդ մետր փայտ և դրանք տեղափոխելու համար նախատեսված կցասայլեր։ Նախնական տվյալներով՝ հանցավոր գործունեության հետևանքով հասցված վնասը գերազանցում է 150 մլն ռուբլին։

 

Բացահայտվել է խմբի կազմակերպիչը, ինչպես նաև ձերբակալվել են դրա երկու ակտիվ մասնակիցներ։ Եվս երկուսը ստորագրությամբ ազատ են արձակվել։ Այժմ քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը՝ «առանձնակի խոշոր չափի ապօրինի անտառահատումներ իրականացնելու» հոդվածով, որը նախատեսում է մինչև 6 տարվա ազատազրկում։