Վրաստանի վարչապետը մեկնում է Իսրայել՝ զենքի մատակարարումների շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկուշաբթի երկօրյա այցով կժամանի Իսրայել, որի հետ հույս ունի վերականգնել երկկողմ հարաբերությունները՝ ընդհուպ մինչև ռազմավարական համագործակցություն, հայտնում է gazeta.ru-ն։
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի աշխատանքային օրակարգում օրվա երկրորդ կեսին նշանակված է նախաճաշ Իվանիշվիլիի և վրացական պատվիրակության պատվին։
Իսկ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի աշխատակազմից «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են, որ վարչապետների հանդիպումը նախատեսված է երեքշաբթի։
Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ գործադուլի պատճառով գերատեսչությունը մասնակցություն չի ունենա այցի ապահովմանը։
Իսրայելական մամուլի տվյալների համաձայն՝ վրացական պատվիրակությունը ծրագրում է նաև այցելել տեղի պաշտպանական ձեռնարկություններից մեկը և բարձրացնել զենքի գնման վերականգնման հարցը, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքեր, հակատանկային և զենիթահրթիռային համալիրներ։
Չցանկանալով սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Իսրայելը դադարեցրել էր Թբիլիսիի հետ ռազմական ոլորտում համագործակցությունը մինչ 2008-ի ռուս-վրացական պատերազմը։










