Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն

10:46 • 24.06.13

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու, Սենատի նախագահ (մարշալեկ) Բոգդան Բորուսևիչի, վարչապետ Դոնալդ Տուսկի հետ:


Երկու երկրների նախագահների բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն և բանակցությունների արդյունքների վերաբերյալ նախագահներ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու համատեղ մամուլի ասուլիսը:


Հայաստանի և Լեհաստանի նախագահները Վարշավայում կմասնակցեն նաև հայ-լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը: Պաշտոնական այցի շրջանակներում ի թիվս այլ միջոցառումների նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: