ԱՄՆ-ի իշխանությունները Սնոուդենին զրկել են անձնագրից, սակայն ոչ քաղաքացիությունից
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի անձնագիրը չեղյալ է համարվել, սակայն դա չի նշանակում, որ նա զրկվել է ԱՄՆ քաղաքացիությունից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության բաժնի ղեկավար Ջեն Պսակին։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, պաշտոնյան ասել է, որ Սնոուդենի անձնագրի գործողության դադարեցումը սովորական իրավաբանական գործընթաց է։
Անձինք, որոնց ձերբակալելու որոշում է կայացվում ծանր հանցագործությունների մեղադրանքով, ամերիկյան օրենքների համաձայն՝ զրկվում են ամերիկյան անձնագրից։
Պսակին ընդգծել է, որ «անձնագրից զրկելը չի ազդում քաղաքացիության կարգավիճակի վրա»։
ԱՄՆ կառավարության կարծիքով՝ «այնպիսի մարդիկ, ինչպիսին Սնոուդենն է, որոնց դեմ ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանք է առաջադրվել, չեն կարող իրականացնել հետագա միջազգային ուղևորություններ, բացի ԱՄՆ վերադառնալուց»։










