ԱՄՆ-ում տղամարդը կարող է դատապարտվել 13 տարվա ազատազրկման`կավճով ասֆալտին գրելու համար

20:19 • 26.06.13

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում Ջեֆֆ Օլսոնը կարող է ազատազրկման դատապարտվել բանկերի դեմ կարգախոսների համար, որոնք նա մանկական կավիճներով գրել էր Bank of America-ի գրասենյակների առաջ: Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ըստ 13 հոդվածների, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:



Սան-Դիեգոյի 44-ամյա բնակիչը մեղադրվում է վանդալիզմի մեջ, և այն դեպքում, եթե նրա մեղքը ապացուցվի, ապա նրան սպասվում է 13 տարվա ազատազրկում և 10.000 դոլարի տուգանք: Դատարանում Bank of America-ի ներկայացուցիչը ասել է, որ ասֆալտի վրայի գրությունները մաքրելու համար ծախսվել է մոտ 6.000 դոլար:


Ջեֆֆ Օլսոնը ԱՄՆ խոշորագույն բանկային ցանցի գործունեության դեմ սկսել է հանդես գալ 2011 թվականին: Նա մարդկանց քարոզում էր հրաժարվել պետական բանկերից և աշխատել վարկ տվող հասարակական կազմակերպությունների հետ: Այս նպատակով Օլսոնը սկսել է մանկական կավիճների միջոցով գրություններ թողնել ասֆալտի վրա, ինչը հեշտությամբ մաքրվում է ջրով:


Արդեն վաղը դատարանը պետք է վերջնական դատավճիռ կայացնի Ջեֆֆ Օլսոնի գործով: