Ադրբեջանի զինուժն այսօր հայկական զինուժի նկատմամբ ոչ մի առավելություն չունի և չի ունենա. ՊՆ խոսնակ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե ուժեղ Ադրբեջանը կարող է թույլ Հայաստանի հետ խոսել ցանկացած լեզվով, Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանում է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերով, որ «Չի լինում այնպես, որ Ադրբեջանի բանակը Բաքվում՝ «պառադի» ժամանակ շատ հզոր լինի, իսկ առաջնագծում չկարողանա հայկական կողմին թելադրել»:
Tert.am –ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակը մեկնաբանեց Սեյրան Օհանյանի խոսքերը ասելով՝«Իսկ եթե առաջնագծում չի կարողանում թելադրել, ուրեմն՝ Բաքվում էլ հզոր չէ»: Այլ խոսքով ասած՝ այդ հզորությունը ուղղակի փուչիկ է:
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևն այսօր ռազմական շքերթի ժամանակ նաև ասել էր, որ «պատերազմը չի ավարտվել, ավարտվել է դրա առաջին փուլը»,ինչին հետևել էր մանրամասն նկարագրություն, թե քանի միավոր տեխնիկա ունի Ադրբեջանը, որքանն է արտադրվում այդ երկրում, որքանը ՝գնվում և այլն:
«Մենք նման հայտարարություններ ամեն տարի լսում ենք: Ըստ էության, դա իրավիճակը չի փոխում. Ադրբեջանի զինված ուժերը ոչ այսօր, ոչ էլ վաղը հայկական զինուժի նկատմամբ ոչ մի առավելություն չունեն: Էդ բարձրագոչ հայտարարությունները իրականության հետ ոչ մի կապ չունեն»,- ասաց ՊՆ խոսնակը:
Tert.am –ի հետ զրույցում ԱԺ «ժառանգություն» խմբակցության անդամ, նախկինում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Թևան Պողոսյանն էլ նույն թեմայով ասաց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում է «մաչոյի» լեզվով՝ նշելով, որ ուժեղ Ադրբեջանը կարող է թույլ Հայաստանի հետ խոսել ցանկացած լեզվով:
«Քաղաքականության մեջ չկա գաղափար, որ մենք կարող են խոսել ցանկացած լեզվով: Ո՞րն է այդ լեզուն, որ Ալիևը պետք է խոսի, նա նկատի ունի՝ ադրբեջաներե՞ն, հայերե՞ն, ռուսերե՞ն, անգլերե՞ն, թե նկատի ունի ի՞նչ բառապաշար կօգտագործի: Ավելի շուտ ուզում է ցուցադրել, որ տարածաշրջանում ունի մեծ ռեսուրսներ, շատ հզոր մարդ է, չգիտեմ ինչ է, ինչ է»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել էր, թե տարածաշրջանում կայունություն ապահովելու համար առայժմ ընտրում են խնդրի լուծման քաղաքական ուղին, բայցև ավելացրել՝ «Սակայն գաղտնիք չէ, որ օրեցօր Ադրբեջանը դառնում է ավելի ուժեղ, իսկ Հայաստանը թուլանում է: Մենք ցանկացած տեսանկյունից մի քանի անգամ գերազանցում ենք մեր թշնամիներին, որոշ ուղղություններով՝ նույնիսկ ավելի քան 10 անգամ»:
Թևան Պողոսյանը «մաչոյական հայտարարությունների» դաշտից է համարում նաև Իլհամ Ալիևի ՝ ռազմական շքերթի ժամանակ հնչեցրածը, որ «պատերազմը չի ավարտվել, ավարտվել է դրա առաջին փուլը»:
«Ալիևի համար այսօրվա դրությամբ այդ նավթային գումարները բերել են մի իրավիճակի, որ մի կողմից գլուխը կորցրած՝ ասում է՝«այո, եկե՛ք խաղաղ ճանապարհով լուծենք հարցը, բայց մյուս կողմից փորձում է միշտ պահել խնդիրը, որ ինքը ունի շատ գումար, որով էլ հետո կփորձի ռազմական միջոցներով լուծել ղարաբաղյան հարցը»,- նկատեց Թևան Պողոսյանը՝ ուշադրոթյուն դարձնելով այն հանգամանքին, որ մեկ անգամ չէ, որ Ալիևը նման բան է հայտարարել:
Քաղաքագետը հավելեց, որ մյուս կողմից էլ, պետք է հաշվի առնել, որ առաջիկայում Ադրբեջանում նախագահական քարոզարշավ է, և Իլհամ Ալիևը պետք է փորձի ավելի «մաչո» երևալ: Ուստիև, ըստ նրա, նման հայտարարություններն արված են ավելի շատ ներքին լսարանի համար, բայց «ձեռի հետ էլ» հասկացնել է տալիս, որ միջազգային ատյաններն էլ իմանան, որ, «մենք, այնուամենայնիվ, ռազմական լուծումը որպես տարբերակ չենք հանում»:
Թևան Պողոսյանի ամփոփմամբ՝ Իլհամ Ալիևի վերը նշված գնահատականները շատ հզոր «մեսիջներ» են՝ հատկապես ուղղված համանախագահ երկրներին: Այսինքն՝ այն իմաստով, թե վերջիններս «Մեծ ությակի» գագաթնաժողովի վերջին հայտարարությանը հետևած նման արհամարհական հայտարարությունից ի՞նչ եզրակացություն կանեն:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի Զինված ուժերի օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե իրենք «ի վիճակի են ղարաբաղյան հարցը լուծել նաև ռազմական ճանապարհով, սակայն տարածաշրջանի կայունությունը չխաթարելու համար առայժմ նախընտրում են խնդրի կարգավորման բանակցային ուղին»:










