Թուրքիայում գիշերն անհանգիստ է եղել. ցույցերը շարունակվել են

09:52 • 26.06.13

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ցույցերի ընթացքում դարձյալ ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել։


Ինչպես տեղեկացնում է CNNTurk-ը, ոստիկանությունը ցուցարարների դեմ դարձյալ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։

 

Հերթական միջադեպն ավարտվել է ձերբակալություններով։ Ոստիկանությունը տարբեր փողոցներից հավաքել և ձերբակալել է 16 ցուցարարի։


Ցուցարարները փողոցներում բարիկադներ են դրել, որոնք հավաքել ոստիկանությունը կարողացել է միայն ցուցարարներին ցրելուց հետո՝ լուսադեմին։
 

Բազմաթիվ մարդիկ են դուրս եկել նաև Ստամբուլի փողոցներ։ Այստեղ ցույցերը խաղաղ են ընթացել, ոստիկանությունը հսկել է, սակայն չի միջամտել։


Ներկայում անվտանգության ուժերին հաջողվել է կարգավորել իրավիճակը, սակայն ցուցարարները պարբերաբար շարունակում են ոստիկանների ուղղությամբ քարեր նետել։

 

Հիշեցնենք, որ ցույցերը սկիզբ են առել Ստամբուլի Գեզի այգում ծառահատումների և առևտրի կենտրոն կառուցելու թուրքական իշխանությունների որոշումից հետո։