Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը ՌԴ-ի հետ բարձր մակարդակի վրա է. Սեյրան Օհանյան

13:49 • 26.06.13

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կարծիքով՝ Ադրբեջանի սպառազինությունը չմտահոգել չի կարող, բայց բոլորը գիտեն, որ ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա։
 

«Այսօր մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ուժերի հավասարակշռությունը կարողանանք պահպանել ոչ միայն քանակական, այլև որակական առավելությունների շնորհիվ, և այս թափանցիկությունը բերում է նրան, որ յուրաքանչյուր մատակարարում և յուրաքանչյուր բալանսի՝ հավասարակշռության խախտում վերահսկելի է դառնում նաև մեր ռազմավարական գործընկերոջ համար, որը որոշակի պարտադրանքի տակ է դնում տարածաշրջանի երկրներին, որպեսզի նրանք այդ միջոցները չօգտագործեն»,– այսօր ՀԱՊԿ երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց նա։
 

Նախարարի խոսքով՝ ՌԴ-ի հետ Հայաստանը գտնվում է սերտ հարաբերությունների մեջ, և համագործակցության զարգացման ուղղությամբ երեկ իրենք շատ կարևոր փաստաթուղթ ստորագրեցին, որը հնարավորություն է տվել ավելի բարձր միջպետական մակարդակի վրա դնել մեր ռազմատեխնիկական համագործակցությունը:
 

«Դա նաև հնարավորություն է տալու մեր ռազմական արդյունաբերության և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերական ձեռնարկություններին անմիջական պայմանագրեր կնքելու համար, միմյանց հետ երկկողմ կազմակերպությունների ստեղծման ուղղությամբ»,–ասաց նա՝ ընդգծելով, որ իրավիճակը վերահսկելի է:
 

Ինչ վերաբերում է սպառազինությունների մրցավազքին, Սեյրան Օհանյանը նշեց, որ իրենք բազմիցս խոսել են այն իրավիճակի մասին, որ Ադրբեջանի ղեկավարությունն իրականացնում է սպառազինությունների ձեռքբերման, այդ մրցավազքի մեջ Հայաստանին ներքաշելու ուղղությամբ. «Բայց մենք հենց այնպես, կուրորեն չենք ներքաշվում, և մենք ավելի շատ որակի վրա ենք շեշտը դնում»։