Վատիկանի բանկի գործունեությունը հետաքննելու համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ստեղծել է հատուկ հանձնաժողով, որը պետք է հետաքննի Վատիկանի բանկի գործունեությունը: Նման անհրաժեշտություն առաջացավ այս հաստատության շուրջ առաջացած սկանդալների արդյունքում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հանձնաժողովի կազմում կլինեն 4 պրելատ և ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի 1 պրոֆեսոր: Նրանց հիմնական նպատակը կլինի բանկային գործողությունների «ներդաշնակությունը» ստուգելը:
Անցյալ տարվա մայիսին Վատիկանի բանկի նախկին տնօրեն Էտտորե Գոտտի Տեդեսկին հեռացվել էր իր պաշտոնից՝ «պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար»:
Դեռևս 2010 թվականին իտալական ոստիկանությունը փողերի լվացման գործի շրջանակներում հետաքննություն էր սկսել Տեդեսկիի նկատմամբ:
Վատիկանի բանկը, որը պաշտոնապես հայտնի է որպես Հոգևոր գործունեության ինստիտուտ, ստեղծվել է 2-րդ Համաշխարհային պատերազմի տարիներին, որպեսզի կառավարվեն հոգևորականության միջոցները:
Այն համարվում է ամենագաղտնի ֆինանսական համակարգերից մեկը:










