Բրազիլիայում ցույցերը վերածվել են զանգվածային անկարգությունների
Բրազիլիայի Բելու-Օրիզոնտի քաղաքի կենտրոնում, որտեղ ավելի քան 50.000 ցուցարար է հավաքվել, զանգվածային անկարգություններ, բախումներ և կողոպուտներ են տեղի ունեցել. տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Ցուցարարները բողոքել են ընդդեմ կառավարության սոցիալական քաղաքականության, կոռուպցիայի, ոչ արդյունավետ քաղաքական համակարգի, բազմամիլիարդանոց պետական ծախսերի՝ ՖԻՖԱ-ի միջազգային մրցաշարեր անցկացնելու համար։
Նախ ցույցը խաղաղ է ընթացել, սակայն ծայրահեղական տրամադրված երիտասարդների խումբը փորձել է հաղթահարել ոստիկանության արգելապատնեշը, որը տեղադրված է եղել այն մարզադաշտից 2 կմ հեռավորությամբ, որտեղ տեղի է ունեցել Բրազիլիա-Ուրուգվայ թիմերի հանդիպումը։ Օրենքի պահապանները արցունքաբեր գազ են կիրառել։
Տեղեկություններ կան 24 ձերբակալվածի մասին, ոստիկանության հետ բախումների արդյունքում կան վիրավորներ։ Ճանապարհին ցուցարարները թալանել են խանութներ, հրկիզել մեքենաներ։
Ոստիկանությանը հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ վերցնել միայն ուշ երեկոյան։
Երեկ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել բրազիլական մոտ 20 քաղաքներում՝ ներառյալ մայրաքաղաքը։ Այնտեղ խորհրդարանի շենքի մոտակայքում ևս բախումներ են գրանցվել, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։










