Նոր փաստաթղթով ՀՀ–ն պետք է ՀԱՊԿ–ի հետ 20 ուղղությունով խորացնի համագործակցությունը. Արթուր Բաղդասարյան

16:10 • 27.06.13

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր ստորագրեցին 20 կետից բաղկացած առաջիկա գործունեության մասին արձանագրություն։

Հանդիսավոր ստորագրումից հետո Ազգային անվտանգության խորհրդում հրավիրված մամուլի ասուլիսին Արթուր Բաղդասարյանը նշեց, որ այսօր տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների միջև:

«Մենք ստորագրեցինք փաստաթուղթ, որով նախատեսվում է 20 ուղղություններով խորացնել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ: Դա ներառում է մեր անվտանգության համակարգի համալիր միջոցառումների լայն ցանկ: Մենք պայմանավորվեցինք, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում կիրականացվեն մի շարք միջոցառումներ, որոնք ունեն ոչ միայն երկկողմ նշանակություն, այլև ներգրավված են ՀԱՊԿ անդամ մյուս երկրները: Դրանք վերաբերում են ռազմական համագործակցության հետագա խորացմանը»,- ասաց նա:


Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ձևավորվում են հավաքական անվտանգության ուժեր հարավկովկասյան տարածաշրջանում, ինչպես նաև ստեղծվելու են միացյալ հավաքական ավիացիոն ուժեր, իսկ արագ արձագանքման ստորաբաժանումները կվերազինվեն նորագույն սպառազինություններով:
 

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ շրջանակներում կստեղծվեն հատուկ փրկարարական ստորաբաժանումներ, կձևավորվի մշտական երկխոսության մեխանիզմ Հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների միջև, կստեղծվեն նաև կիբերանվտանգության մշտական գործող կենտրոններ ՀԱՊԿ անդամ երկրներում:

«Հայաստանը այս ուղղությամբ կլինի առաջամարտիկներից մեկը: Քայլեր կձեռնարկվեն մեր ռազմական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է նոր համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը ռազմական արդյունաբերության ոլորտում»,- ասաց նա:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ ավելի վաղ ծրագրված բոլոր միջոցառումները, որոնք վերաբերում են Հայաստանի անվտանգությանը, ինչպես նաև Կովկասում անվտանգության համակարգի ստեղծմանը, իրականացվում են: Նա նշեց, որ դրանց ավելանում է ևս 20 ծրագիր:


«Բոլոր հարցերն առաջին հերթին վերաբերում են Հայաստանի` որպես ՀԱՊԿ անդամ երկրի, անվտանգության ապահովմանը: Մենք ունենք բազմաթիվ միջոցառումներ, որոնք նախատեսված են իրականացնել այս տարվա ընթացքում: Այս տարի Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ անդամ երկրների ԱԱԽ քարտուղարների ոչ ֆորմալ հանդիպում, որի ժամանակ կքննարկվեն Կովկասում տեղի ունեցող զարգացումները»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: