Դանիայում 11 մարդու մեղադրանք է ներկայացվել քրդական Աշխատավորական կուսակցությանը ֆինանսավորելու համար
Դանիայի 11 բնակիչների մեղադրանք է ներկայացվել Քուրդիստանի՝ Թուրքիայում գործող Աշխատավորական կուսակցության ֆինանսավորման համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ Associated Press գործակալությանը հղումով:
Հետաքննության տվյալներով՝ կասկածյալները հավաքել և Քուրդիստանի Աշխատավորական կուսակցությանն (ՔԱԿ) են փոխանցել 23 մլն դոլար: Եվրամիության կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությանը ֆինանսավորելու համար նրանց կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում:
Կասկածյալներից 6-ին մեղադրում են 2009-2012 թթ. միջոցների հավաքագրման համար, ևս 4-ին՝ հավաքված միջոցները ՔԱԿ-ին փոխանցելու համար, տեղեկացնում է Europe Online Magazine պարբերականը: Հայտնի չէ, թե ինչում են մեղադրում 11-րդ կասկածյալին: Իրենք՝ մեղադրյալները, հերքում են իրենց մեղավորությունը:
Associated Press-ի տեղեկություններով՝ բոլոր մեղադրյալները քրդական ծագում ունեն, սակայն բնակվում են Դանիայում:










