Մինսկի խմբի աշխատանքը խաթարող ցանկացած քայլ պետք է բացառվի. Հովիկ Աբրահամյանն ասել է Ստրասբուրգում
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հետ ի թիվս այլ հարցերի անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ նշելով, որ ցանկացած գործողություն, որը կարող է խաթարել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, պետք է բացառվի:
Ինչպես տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը, զրուցակիցները վերահաստատել են հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանո ներքո:
Հովիկ Աբրահամյանը և Ժան Կլոդ Մինյոնը վերահաստատել են համանախագահ երկրների կողմից առաջարկված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման երեք հիմնարար սկզբունքները:
ԵԽԽՎ նախագահը նաև կարեւորեց Հովիկ Աբրահամյանի այցը եւ ներկայությունը ԵԽԽՎ նստաշրջանին: Ժան Կլոդ Մինյոնը շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանին ԵԽԽՎ Բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի նիստերը Երեւանում գերազանց կազմակերպելու եւ անցկացնելու համար:
ԵԽԽՎ նախագահը կարեւորել է ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը, հայտարարած առաջնահերթությունները եւ օրակարգը: Նա կարեւոր համարեց ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ակտիվ գործունեությունը եւ բարձր գնահատեց Վեհաժողովի քաղաքական խմբերում եւ հանձնաժողովներում կատարած աշխատանքը:
ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Եվրոպայի խորհրդում Հայաստանի առաջին նախագահությունը նշանակալից իրադարձություն է մեր երկրի համար եւ բացառիկ հնարավորություն է ներդրում ու մասնակցություն ունենալու անդամ երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության, համամարդկային արժեքների տարածմանն ուղղված Եվրոպայի խորհրդի հավակնոտ օրակարգի ձևավորման գործում:
Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանը մեծապես կարևորում եւ բարձր է գնահատում համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաև աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին:
ԱԺ նախագահը կարեւոր է համարեց Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի դերակատարությունը, մասնավորապես մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքը
Այս առումով նա շեշտել է Հայաստան -Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. գործողությունների ծրագրի կարեւորությունը, որը կոչված է աջակցել Հայաստանին իրականացնելու իր պարտավորությունները, մասնավորապես` շարունակելու բարեփոխումները դատաիրավական ու քրեակատարողական համակարգերում, կրթական ոլորտում, խթանելու լրատվամիջոցների ազատությունն ու պաշտպանելու երեխաների իրավունքները, խորացնելու տեղական ժողովրդավարությունը, բարելավելու ընտրական օրենսդրությունն ու պրակտիկան:
Հանդիպման վերջում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գրառում է կատարել ԵԽԽՎ պատվավոր հյուրերի հուշամատյանում:
ՀՀ ԱԺ նախագահը Ստրասբուրգում է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ։










