ԱՄՆ-ն Հորդանանի տարածքում սիրիացի զինյալների համար զինապահեստներ է ստեղծում. The Wall Street Journal

15:52 • 27.06.13

Արդեն հաջորդ ամիս ամերիկյան հրամանատարությունը նախատեսում է «ստուգված» սիրիացի ապստամբներին զենք մատակարարել, տեղեկացնում է Russia Today-ը՝ The Wall Street Journal-ին հղումով։

 

Ինչպես նշում է ամերիկյան պարբերականը, այժմ զենքերն ուղարկվում են Հորդանան, որտեղ գաղտնի պահեստներ կան։

Թերթը ճշգրտում է, որ դիվանագետներն ու պաշտոնատար անձինք տեղյակ են զենքի մատակարարման նախագծերից։
 

Ենթադրվում է, որ ԱՄՆ-ն երեք շաբաթ կծախսի մերձավորարևելյան տարածաշրջան զենք և հակատանկային հրթիռներ հասցնելու համար։ Կենտրոնական հետախուզական վարչությունը նաև նախատեսում է երկու շաբաթ ծախսել զինյալների խմբերի ուսուցման վրա, որոնց արդյունքում ամերիկյան ուժային կառույցները պետք է համոզվեն, որ ապստամբները գիտեն ինչպես վարվել ուղարկված զինտեխնիկայի հետ։

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ թույլատրել է սիրիացի ապստամբներին զենք մատակարարել, երբ Սպիտակ տունը հայտարարել է, թե տվյալներ ունի այն մասին, որ Դամասկոսն ապստամբների դեմ քիմիական զենք է կիրառում։

 

ԵՄ երկրները հաղորդել են, որ չեն պատրաստվում զինել Սիրիայի ապստամբներին մինչև օգոստոսի մեկը, իսկ առաջիկայում ամերիկյան հրամանատարությունը ճանապարհ կհարթի եվրոպական և ամերիկյան համատեղ զենքի մատակարարման համար։


Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաուդյան Արաբիան և Կատարը հայտարարել էին, որ մոտ ժամանակներում պատրաստվում են սիրիական ընդդիմությանը զինամթերք, այդ թվում՝ անձնական զենիթահրթիռային համակարգեր մատակարարել։