Եգիպտոսի նախագահն առաջարկել է փոխել Սահմանադրությունը
Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին ընդդիմությանն առաջարկել է մասնակցություն ունենալ երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն նվիրված խորհրդակցությանը, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով։
Ավելի քան երկուսուկես ժամ տևած հեռուստաուղերձում Մուրսին հայտարարել է, որ սպասում է բոլոր կուսակցությունների առաջնորդներին՝ սահմանադրական խորհրդակցության նախագահին ընտրելու նպատակով։ Եգիպտոսի նախագահը նաև պատմել է, որ «ազգային հաշտեցման» նպատակով նա մտադիր է ստեղծել կոմիտե, որի կազմում կլինեն ազդեցիկ հանրային գործիչներ, այդ թվում՝ մուսուլման և քրիստոնյա հոգևորականներ։
«Ես ասում եմ ընդդիմությանը՝ դեպի փոփոխություններ տանող ճանապարհն ազատ է»,-ընդգծել է Մուրսին, ով նախագահի պաշտոնը զբաղեցնում է մեկ տարուց ավելի։
Անդրադառնալով իր կողմնակիցների և հակառակորդների ակցիաներին, որոնք նախանշված են ուրբաթ և շաբաթ օրերին, Մուրսին կոչ է արել զերծ մնալ բռնությունից։ «Ցույցերը միջոց են տեսակետ հայտնելու, այլ ոչ դրանք պարտադրելու»,-ասել է Եգիպտոսի նախագահը։
Նա խոստովանել է, որ պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում սխալներ թույլ է տվել, սակայն դրա համար մեղադրել է կոռումպացված պաշտոնյաներին, որոնք աշխատել են նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի տարիներին։










