«Հազարամյակների մարտահրավերների» միջոցները չեն փոշիացվել. Տիգրան Սարգսյան

12:35 • 27.06.13

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով իր խոստմանը, որ բարձրաձայնվող կարևոր քննադատություններին պետք է պատասխան տա և խոսեց «Հազարամյակների մարտահվերներ» ծրագրին առնչվող հրապարակումների մասին`նշելով, որ անտեղի շահարկումներ են արվում, թե ծրագրի միջոցները փոշիացվել են։ 


«Որևէ հարց, որ մեր հասցեին քննադատում են, մենք պետք է ամբողջական պատասխան տանք։ Առաջինը դա «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագիրն է, երբ նշում են, որ 14 մլն դոլար ծախսվել է դասախոսությունների վրա»,- ասաց վարչապետը և նշեց, որ թեև իրենք մանրակրկիտ տրամադրել են տեղեկություններ, բայց այդ թեման նորից շարունակում են շոշափել։

 

«Ինչ-որ ենթատեքստերով շարունակում են շոշափել, որ այս միջոցները փոշիացվել են և այլն։ Այսօր ամբողջական տեղեկատվություն կտրամադրվի լրատվամիջոցներին, որ վերացվի քաղաքական սպեկուլյացիան»,– ասաց Տիգրան Սարգսյանը։
 

«Այս ֆինանսական միջոցների բաշխման վերաբերյալ 2007 թ-ին պայմանագիր է կնքվել: Մրցույթն անց է կացրել ամերիկյան կողմը, իրենք են հաղթողին ճանաչել, իրենք են պայմանագիր կնքել, գրանտը տվել, արդյունքն են գրանցել և արդյունքները գնահատել «խիստ արդյունավետ»»,- ասաց նա և նշեց, որ այդ քննադատությունը պարզապես ընդունելի չէ։

«Մի հատ հասկանան էլի թե 14 միլիոնի հետ կապված ինչ խնդիր կա ու մեղադրանքի իմաստն ինչում է կայանում»,– ասաց Տիգրան Սարգսյանը: