Պուտինը հանձնարարել է փողերի լվացման դեմ պայքարի ազգային ծրագիր մշակել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ է համարում պայքարել եկամուտների լվացման և հարկերի վճարումից խուսափելու դեմ, ինչպես արվել է մի քանի այլ երկրներում։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին Պուտինն ասել է «Ռոսֆինմոնիտորինգի» (ֆինանսական մոնիթորինգի գծով դաշնային ծառայություն) ղեկավար Յուրի Չիխանչինի հետ հանդիպման ընթացքում։
«Մենք պետք է անենք այնպես, ինչպես արվել է այլ երկրներում՝ պատրաստենք փողերի լվացման, հարկերից խուսափելու, ապաօֆշորիզացման դեմ ազգային ծրագիր»,-ասել է Պուտինը։
Նախագահը «Ռոսֆինմոնիտորինգի» ղեկավարին հանձնարարել է մասնակցել այդ նախագծի իրականացմանը։ «Առանց ձեր գերատեսչության՝ նման ազգային ծրագիր իրագործելն անհնար կլինի, դրա համար խնդրում եմ սկզբից միանալ աշխատանքներին»,-ասել է Պուտինը։










