Սաակաշվիլին հայտնել է, թե ինչով է զբաղվելու նախագահության ժամկետի ավարտից հետո

18:49 • 27.06.13

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր նախագահության ժամկետի լրանալուց հետո մտադիր է զբաղվել երկրում քաղաքական կրթության մակարդակի բարձրացման հարցերով: Այս մասին երկրի ղեկավարը հայտնել է Թբիլիսիում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է РИА Новости-ն՝ Новости-Грузия-ին հղումով:

 

Նախագահական ընտրությունները Վրաստանում նշանակված են 2013-ի հոկտեմբերին: Սահմանադրության համաձայն՝ Սաակաշվիլին չի կարողանա մասնակցել առաջիկա ընտրություններին, քանի որ 2008-ին նախագահի պաշտոնում նա արդեն ընտրվել է երկրորդ անգամ, գրում է աղբյուրը:

 

«Ես մտադիր եմ աշխատանքներ տանել քաղաքական իրազեկվածության և կրթական չափանիշերի մշակման ուղղությամբ: Ինձ մտահոգում են այն հարցերը, որոնք ի հայտ են գալիս հիմնարար գիտելիքների բացակայության պատճառով: Դեռևս չգիտեմ՝ ինչպես եմ իրականացնելու իմ մտադրությունը, բայց համոզված եմ, որ մեր խնդիրը հիմնարար գիտելիքների բացակայությունն է»,-մեկնաբանել է Սաակաշվիլին:

 

Վրաստանի Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների համաձայն՝ աշնանն ընտրվելիք նախագահի երդմնակալության արարողությունից հետո երկրի իշխանությունն անցնելու է կառավարությանը և խորհրդարանին: