Ասոցացման համաձայնագրի ստորագրումը վտանգված չէ. Շավարշ Քոչարյան
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հավատացնում է, որ իրականությանը չեն համապատասխանում քաղաքագիտական այն վերլուծությունները, թե վտանգված է Հայաստանի կողմից ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, հաշվի առնելով Ռուսաստանի ճնշումները Հայաստանի վրա։
«Բանակցությունները գնում են երկու ուղղությամբ՝ և՛ Ռուսաստանի հետ, և՛ ԵՄ-ի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Լրագրողները փոխարտգործնախարարին հիշեցրին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու երեկվա հայտարարությունը, երբ վերջինս ասել էր, որ իրենք ամբողջությամբ հասկանում են Հայաստանի ջանքերը` սերտ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, սակայն ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի երկրները պետք է ընտրություն կատարեն։
«Դուք չեք կարող միաժամանակ լինել երկու տնտեսական տարածություններում, դուք պետք է ընտրություն կատարեք: Մենք ևս փորձում ենք լավ հարաբերություններ ունենալ մեր գործընկեր ու հարևան Ռուսաստանի հետ, սակայն մենք նաև գիտենք, թե որ տարածությանն ենք պատկանում»,- մասնավորապես ասել էր Բրոնիսլավ Կոմորովսկին։
Շավարշ Քոչարյանը նշեց, որ խոսքը ԵՄ անդամակցության մասին չէ, Հայաստանը երբեք նպատակ չի դրել անդամակցել ԵՄ-ին։ «Այն փաստաթղթերը, որոնք բանակցության սեղանին են, այնտեղ խոսք չկա եվրոպական այդ հեռանկարների մասին, խոսքը գնում է միայն մեր դաշնակեցման (նկատի ունի դաշնակցելը-Tert.am) մասին։ Դա է էական տարբերությունը»,- ասաց նա։
Լրագրողները կրկին ստիպված էին որոշակիացնել հարցը, որ Կոմորովսկին կոնկրետ Հայաստանի մասին խոսելիս էր նման կերպ արտահայտվել։ «Կամարովսկին չի կարող ապացուցել այն, ինչ ակնհայտ է. անդամակցությունը Մաքսային միությանը թույլ չի տալիս ազատ առևտրի գոտու անդամ լինել Եվրոպայում, որովհետև դու քո լիազորությունների մի մասը տալիս ես վերազգային մարմնին, ճիշտ այդպես, եթե դու ԵՄ անդամ ես, այ այդ դեպքերում կա հակասություն։ Քանի խնդիրը չի դրված կառույցների անդամակցելուն որևէ հակասություն չկա, միաժամանակ լինել և Ազատ առևտրի գոտու անդամ Եվրոպական ուղղությամբ և նույնը նաև Եվրասիական ուղղությամբ»,- նշեց նա։










