Այս պնդաճակատ քաղաքականությամբ Ադրբեջանն ինքն է խթանելու ԼՂ–ի միջազգային ճանաչմանը. ԱԳ փոխնախարար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «ցանկացած պահի, ցանկացած ճանապարհով երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և Ղարաբաղում դարձյալ ադրբեջանական դրոշ ծածանելու» մասին երեկ հնչեցրած հայտարարությունը ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը համարում է հերթական և նշում, որ այսպիսի պնդաճակատ քաղաքականությամբ Ադրբեջանն ինքն է խթանելու Ղարաբաղի միջազգային ճանաչմանը։
«Ես հոգնել եմ պատասխանելուց և զարմանալի է, որ այդ անձը չի հոգնում դա ամեն օր կրկնելուց։ Եվ դա հայտարարում է մի երկիր, որը պարտություն կրելուց հետո լացուկոծ էր դնում ամենուրեք։ Նա, եթե իրոք պատրաստ է այդպիսի քայլի գնալու, ամեն օր դրա մասին չի հայտարարի, այդ հայտարարությունն առաջին հերթին ուղղված է ներքին լսարանին, որովհետև արտաքին թշնամու կերպարն անընդհատ պահելը փոխանցում է ժառանգական ավտորիտար ռեժիմը»,- Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ԱԳ փոխնախարարը։
Դիտարկմանը, թե որքանով է ճիշտ նման երկրի հետ շարունակել բանակցությունները և այն, որ Մինսկի խմբի համանախագահները մի կողմից կոչ են անում հարցը խաղաղ ճանապարհով կարգավորել և միաժամանակ անտեսում Ադրբեջանի հոխորտանքերը՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց՝ ասելով, որ բանակցային գործընթացը երկու նպատակ է հետապնդում։
«Եթե համանախագահները մի կողմից փորձում են նպաստել, որ կողմերը գան համաձայնության, իսկ չեն գալիս, որովհետև բոլոր համար ակնհայտ է, որ դա Ադրբեջանի պատճառով է։ Մյուս կողմից Ադրբեջանը երկընտրանքի առջև է կամ այսպիսի պնդաճակատ քաղաքականությամբ, առկա ստատուս քվոյի պայմաններում ինքն է խթանելու Ղարաբաղի միջազգային ճանաչմանը, մինչև խելքի գան»,- ասաց նա և նշեց երկրորդ՝ իր իսկ խոսքով ոչ պակաս կարևոր առաքելությունը։
«Երեք համանախագահները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մշտական անդամներ ունեն, և օր չկա, որ հայտարարություն չլինի միայն խաղաղ կարգավորման մասին, վերջինը եղավ այդ G8-ի ժամանակ։ Նրանց առաքելությունը կայանում է նրանում, որ այդ փխրուն զինադադարը, որը կնքվել է 1994թ-ին նորից չվերածվի ռազմական գործողությունների, և մենք պետք է ընդունենք, որ այդ առաքելությունը ևս կատարվում է եռանախագահների և նաև Կասպրչիկը (ԵԱՀԿ գործող նախագահի – Tert.am) անձնական ներկայացուցչի կողմից, որոնք մշտական դիտարկումներ են անցկացնում»,- ասաց նա և ավելացրեց, որ եթե այդպես մոտենանք այդ ամբողջ միջնորդությանը, ապա կհամաձայնվենք, որ շատ կարևոր է այդ դերը։
«Եվ պատահական չէ, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է ազատվել այդ համանախագահների ձևաչափից, կամ էլ առնվազն լղոզել, ինչպես նաև հարցը փորձել տանել այլ ատյաններ, որովհետև դա իր համար զսպաշապիկ է»,- նշեց նա։
Հարցին, թե ՀՀ ԱԳՆ–ին չի՞ մտահոգում Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու փաստը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Մատակարարելու հարցը, իհարկե, մեզ հետաքրքրում է, մտահոգում է, բայց դա չի նշանակում, որ բալանսը խախտվում է, բայց ամեն դեպքում մտահոգիչ է»։










