ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվել է գումար հատկացնել սիրիական ընդդիմությանը զինելու համար
ԱՄՆ Կոնգրեսի անդամներն ինտենսիվ բանակցություններ են վարում սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու հարցում կառավարության պլանների շուրջ, սակայն դեռևս հրաժարվում են բյուջեից նման հատկացում անել։
Հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին՝ Associated Press-ը նշում է, որ ԱՄՆ օրենսդիր իշխանությունը պահանջում է զինյալներին զենք մատակարարելու, ինչպես նաև Սիրիայի հարցով ավելի լայն քաղաքական կուրս ունենալու առավել մանրամասն պլան։
Ինչպես պարզվել է, նախնական առաջարկությունն այս հարցի վերաբերյալ, որն անցյալ շաբաթ Սենատի հիմնական հանձնաժողովներում և Ներկայացուցիչների պալատի փակ նիստերում ներկայացրել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցները, գրեթե միաձայն մերժվել է ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչ օրենսդիրների կողմից։
Քերին այդ փակ հանդիպումների ընթացքում օրենսդիրներին բացատրել է ռազմավարությունը, իսկ ԿՀՎ աշխատակիցները նկարագրել են հատուկ այդ նպատակների համար ընտրված սիրիացի ընդդիմադիրներին զենքի տրամադրումն ու ուսուցումը։
Հետո արդեն Սպիտակ տանը տեղի է ունեցել նոր խորհրդակցություն՝ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների և օրենսդիրների մասնակցությամբ։ Դրանց մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսը։
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդներին զենք մատակարարելու հարցը քննարկվում է ԱՄՆ-ում և մի շարք արևմտյան երկրներում։
Նախօրեին հայտնի է դարձել, որ Հնդկական օվկիանոսում վթարի է ենթարկվել սիրիացի ապստամբների համար զենք տեղափոխող նավը։










