Թուրքիայում բախումները շարունակվում են. ցույցերի սկզբից ի վեր ձերբակալվել է 3.366 մարդ

11:28 • 27.06.13

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Գեզի պուրակի իրադարձություններին աջակցություն հայտնելու համար մայրաքաղաք Անկարայում հավաքված ցուցարարները բարիկադներ են դրել և կրակ վառել փողոցներում, ինչին միջամտել է ոստիկանությունը։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ռադիկալը», ոստիկանությունը ցուցարարների դեմ դարձյալ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։ Անկարայում ձերբակալվել է 10 մարդ։

 

Ավելի վաղ Իզմիրում ձերբակալված 13 ցուցարարներից 11-ը կալանավորվել են դատարանի որոշմամբ։


«Ակօս» պարբերականը՝ իրավապաշտպան կազմակերպություններին հղումով, գրում է, որ Թուրքիայում բախումների սկզբից ի վեր ձերբակալվել է 3.366, իսկ որոշ տվյալներով՝ 4.900 մարդ, կալանավորվել է նրանցից 78-ը։
 

Թուրքական բժշկական ասոցիացիայի տվյալներով՝ անկարգությունների սկզբից ի վեր վիրավորվել է 8.038 մարդ, զոհվել՝ 4-ը։