ՄԱԿ-ի փորձագետները Թուրքիայում ուսումնասիրում են Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունները

14:25 • 27.06.13

ՄԱԿ-ի փորձագետների խումբը գտնվում է Թուրքիայում, որտեղ մտադիր է ուսումնասիրել Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունները։
 

Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Reuters-ին հղումով։ Վերջինս իր հերթին հղում է անում Թուրքիայի անանուն աղբյուրներին։


Հիշեցնենք, որ Սիրիայի գործող իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց մեղադրել էին քիմիական զենք կիրառելու համար։

 

Նախօրեին ԱՄՆ-ի և Բրիտանիայի ներկայացուցիչները ՄԱԿ-ի հանձնաժողով էին ներկայացրել «փաստեր», ըստ որոնց՝ առնվազն 10 դեպքում Սիրիան քիմիական զենք է կիրառել։

 

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ավելի վաղ հայտարարել էին, որ փաստեր ունեն այն մասին, թե քիմիական զենք կիրառել են հենց կառավարական ուժերը։
 

Սակայն պաշտոնական Դամասկոսը հերքում է իր հասցեին բոլոր մեղադրանքները։ Միաժամանակ, նա ՄԱԿ-ի համապատասխան փորձագետներին թույլ չէր տվել ուսումնասիրել երկրում քիմիական զենքի կիրառման դեպքերը։