Վայոց ձորում մեքենան 20մ գլորվել է ձորը. 5-ամյա ուղևորը տեղում մահացել է, կա ևս 7 տուժած (լուսանկարներ)

08:15 • 28.06.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 27-ին՝ ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Վայքի գերեզմանատան մոտակայքում «Միտցուբիշի Պաջերո» մակնիշի 30LՏ438 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել հարակից ձորը, ինչի հետևանքով ուղևոր 2008թ. ծնված Ռ.Բաղդասարյանը տեղում զոհվել է։


Վթարի հետևանքով վարորդ`1974թ. ծնված Ա.Սարգսյանը և ուղևորներ 2005թ. ծնված Է., 2007թ. ծնված Ի. և 2000թ. ծնված Մ. Քալորիները, 1952թ. ծնված Ս.Սարգսյանը, 2006թ. ծնված Ե. Զաքարյանը և 2005թ. ծնված Ք.Բաղդասարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն:


Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: