Բրազիլիայում ցույցերի զոհերի թիվը հասել է հինգի

10:25 • 28.06.13

Բրազիլիայում ցույցերի զոհերի թիվը հասել է հինգի: Ցույցերի ընթացքում Բելու-Օրիզոնտի քաղաքում զոհվել է մի տղամարդ, տեղեկացնում է Взгляд-ը։


Բելու-Օրիզոնտիում բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի ընթացքում ցուցարարներից 21-ամյա Դուգլաս Էնրիկե դե Օլիվեյրան ընկել է բարձրությունից և մահացել։ Եվ մեկ տասնյակ մարդ վիրավորվել է։

 

Այսպիսով՝ Բրազիլիայում զանգվածային ցույցերի զոհերի թիվը հասել է հինգի։ Առաջին ողբերգությունը տեղի էր ունեցել Ռիբեյրան-Պրետու քաղաքում, որտեղ վարորդը մեքենայով մխրճվել էր ցուցարար ամբոխի մեջ, ինչի հետևանքով երիտասարդ էր մահացել։ Երկու կին զոհվել էր Գոյաս նահանգում՝ դարձյալ մնալով մեքենայի անիվների տակ։ Մեկ այլ կին մահացել էր սրտի նոպայից, ինչն առաջացել էր նռնակի պայթյունից հետո։

 

Բրազիլիայում բողոքի ակցիաները շարունակվում են։ Երեկ Ռիո դե-Ժանեյրոյի կենտրոնում հավաքվել է ավելի քան 5.000 մարդ և կաթվածահար արել երթևեկությունը։ Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել նաև Ֆորտալեզայում, որտեղ ձերբակալվել է 87 մարդ։