Իրանում շահագործման է հանձնվել «Բուշեր» ատոմակայանը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կոնֆերանսում և Սանկտ Պետերբուրգի «Ատոմէքսպո 2013» միջազգային համաժողովում իրանական պատվիրակության ղեկավար Աբբաս Դավանին ասել է, որ Իրանն արդեն մի քանի օր է շահագործման է հանձնել «Բուշեր» ատոմակայանը, հայտնում է Российская Газета-ն:
Առայժմ գործում է 1 բլոկը՝ 1000 մեգավատ հզորությամբ: Հայտնի է, որ պաշտոնական շահագործման հանձնելու համար հարկավոր են նաև ատոմակայանը կառուցած ռուսական կողմի փորձարկումները:
Առաջիկայում ևս 3 բլոկ կկառուցվի:
«Բուշեր» ատոմակայանը սկսել են կառուցել 1974-ին՝ գերմանական Kraftwerk Union A.G.-ի հետ, սակայն Իսլամական հեղափոխությունից հետո գերմանական կողմը հրաժարվել է իր պարտականություններից: 1992-ից շինարարությունը ստանձնել է Ռուսաստանը:










