Իրաքում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով 10 մարդ է զոհվել
Իրաքի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա գտնվող Ռամադի քաղաքում այսօր երկու պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է: Զոհերի թվում մեծամասամբ ոստիկաններ են, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ Reuters գործակալությանը հղումով, որն էլ իր հերթին մեջբերում է երկրի իրավապահ մարմինների հայտարարությունը:
Առկա տեղեկատվության համաձայն՝ երկու ինքնագործ պայթուցիկները տեղադրված են եղել երկու ոստիկանական մեքենաների մեջ: Առաջինի պայթյունի հետևանքով զոհվել է մեքենայի ղեկին նստած սպան, իսկ երկրորդ մեքենան պայթեցվել է այն պահին, երբ դեպքի վայր է ժամանել պահակախումբը:
Պայթյունների համար Իրաքում գործող ոչ մի ծայրահեղական խմբավորում դեռևս պատասխանատվություն չի ստանձնել:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում Իրաքում զինյալների հարձակումների հետևանքով 1000 մարդ է մահացել:










