Իվանիշվիլին մեկնաբանել է Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակիցների ձերբակալությունը

14:14 • 28.06.13

Քաղաքական տեսանկյունից Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակիցների ձերբակալությունը ձեռնտու չէ Վրաստանի իշխանություններին, հայտարարել է երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, Իվանիշվիլիի կարծիքով՝ ձերբակալությունները ցույց են տալիս, որ իրավապահ մարմիններն անկախ են գործում, այլ ոչ վարչապետի թելադրանքով։

 

«Քաղաքականապես դա մեզ ձեռնտու չէր, սակայն դա ցույց է տալիս, որ ես չեմ թելադրում իրավապահ մարմիններին, նրանք գործում են օրենքի շրջանակներում։ Լրագրողներն ինձ ասացին, որ Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան սա քաղաքական հետապնդում է անվանել։ Ես կասեի հակառակը. սա ցույց է տալիս, որ կառավարության ղեկավարը և քաղաքական թիմը չի ղեկավարում իրավապահ ոլորտի գործընթացները»,-ասել է Իվանիշվիլին։

 

Նրա խոսքով, եթե հարցաքննության կամ ձերբակալությունների ընթացքում օրենք է խախտվել, ապա կարող են դիմել դատարան։


Հիշեցնենք, որ նախօրեին Թբիլիսիի քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ էին ձերբակալվել։ Այսօր քաղաքական փոքրամասնության ներկայացուցիչները գործող իշխանություններին մեղադրել են քաղաքական հետապնդում իրականացնելու համար։