Իրանի նորընտիր նախագահը մեղադրվում է գրագողության համար. ԶԼՄ-ներ

16:04 • 28.06.13

Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին գրագողությամբ է զբաղվել, և նրա դոկտորական ատենախոսությունը, որը նա պաշտպանել է Գլազգոյի համալսարանում (Շոտլանդիա), մասամբ արտագրված է աֆղանցի մտավորականի գրքից։ Այդ մասին հայտնել են սիրիացի ակտիվիստները՝ վերլուծելով Ռոուհանիի «Շարիաթի ճկունությունը» անվանումով գիտական աշխատանքը, գրում է rosbalt.ru-ն։

 

Ակտիվիստները եկել են այն եզրահանգման, որ ամբողջական հատվածներ արտագրված են աֆղանցի տեսաբան Մուհամեդ Քամալիի «Իսլամական իրավագիտության սկզբունքները» գրքից, գրում է MIGnews-ը։

 

«Ես չգիտեմ՝ զբաղվե՞լ է արդյոք Ռոուհանին գրագողությամբ, թե՞ ոչ։ Ինչ ես գիտեմ հաստատ, այն է, որ Գլազգոյի համալսարանն այն վայրը չէ, որտեղ զբաղվում են շիական իրավագիտության կամ իրանական քաղաքականության հետազոտությամբ»,- ասել է Օքսֆորդի համալսարանի դասախոս, իրանցի այլախոհ Կավեհ Մուսավին։

 

Գլազգոյի համալսարանի մամուլի ներկայացուցչի խոսքով՝ գրագողության մեղադրանքները կուսումնասիրվեն և ապացուցվելու դեպքում Ռոուհանին կզրկվի դոկտորական աստիճանից։