ԱՄՆ Սենատն ընդունել է ներգաղթյալների մասին օրինագիծը
Միացյալ Նահանգների Սենատը հինգշաբթի հավանության է արժանացրել դեմոկրատների և ընդդիմադիր հանրապետականների համար ներքաղաքական կարևոր առաջնահերթություն համարվող ներգաղթային բարեփոխումների մասին օրինագիծը։
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, սա ներգաղթային օրենսդրության ամենախոշոր վերանայումն է 1980-ականներից ի վեր։
Այժմ օրինագիծը կուղարկվի Ներկայացուցիչների պալատ, չնայած պալատի խոսնակ Ջոն Բեյներն արդեն հայտարարել է, որ կփորձի մշակել բարեփոխումների սեփական տարբերակը։
Սենատի հավանությանն արժանացած օրինագիծը թույլ կտա 11 մլն ապօրինի ներգաղթյալների 13 տարվա ընթացքում ԱՄՆ քաղաքացիություն ստանալ, եթե այդ ընթացքում նրանք վճարեն տուգանքները, հարկերը և չխախտեն օրենքը։
Միաժամանակ, օրինագիծը ենթադրում է 46 մլրդ դոլարի հատկացում սահմանների պաշտպանությանը, սահմանային հսկողության համակարգին և զբաղվածության էլեկտրոնային ստուգմանը։
Օրինագծին կողմ է քվեարկել 68 սենատոր, դեմ՝ 32-ը։










