Տիգրան Սարգսյանը ինքնակամ հրաժարական չի տա. Զոյա Թադևոսյանը «օֆշորային սկանդալի» առիթով վարչապետի վարքի մասին

10:47 • 28.06.13

«Հայ ազգային կոնգրեսի» անդամ Զոյա Թադևոսյանը, ով նաև տնտեսական գիտությունների դոկտոր է, համարում է, որ «օֆշորային սկանդալի» կապակցությամբ ինչ հրապարակումներ էլ լինեն, միևնույն է, Տիգրան Սարգսյանը ինքնակամ հրաժարական չի տա: Tert.am-ի հետ զրույցում խոսելով այդ սկանդալի, և մասնավորապես, Hetq.am կայքի երեկվա նոր հրապարակումների մասին, Զոյա Թադևոսյանը նկատեց, որ մեկ այլ երկրում նման պատմությունից հետո նման մակարդակի պաշտոնյան հրաժարական կտար, բայց, նրա խոսքով՝ «ցավոք սրտի, մեր հասարակության մեջ պաշտոնյաները չունեն ամոթ, արժանապատվություն, խիղճ և բարեկրթություն, որպեսզի դիմեն նման քայլի»:

«Ասում են ՝գողությունն ու անբարոյականությունը 40 օր կարող է թաքուն մնալ: Մի օր բացահայտվելու էր դա, ու դա էլ ինչ-որ մի զարմանալի բան չի։ Ուղղակի, գիտե՞ք, այստեղ գալիս ես այն եզրահանգման, որ Տիգրան Սարգսյան անձնավորությունը «տնտեսական ցունամի» է, որին պետք է շուտափույթ հեռացնել»,- ասաց Զոյա Թադևոսյանը:

Նշենք, որ ըստ Hetq.am-ի նոր հրապարակման՝ Աշոտ Սուքիասյանին պատկանող Սիերա Լեոնեում գրանցված «GMC GLOBAL (SL) LIMITED» ընկերության տնօրեն Ռուբեն Մկրտչյանը նույն կայքի հետ հարցազրույցում հայտնել էր, որ Հայաստանում եղել է երկու անգամ, որից առաջին անգամը՝ 2010-ի հուլիսի կեսերին էր, և իր գործընկերներ Սերգեյ Տրյուկազյուկի ու Ալեքսանդր Վալչիկովսկիի հետ միասին հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանի, Նավասարդ Կճոյանի և Աշոտ Սուքիասյանի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցել են Սիերա Լեոնեի  նախագծի ու ընդհանուր ներդրումների մասին: «Դրանից հետո` երեկոյան, բոլորս միասին գնացինք «Նոյան Տապան» ռեստորան: Եվ մենք հասկացել էինք, որ Աշոտը լիակատար աջակցություն և ֆինանսներ ունի: Եվ այդ ամենը մեզ վստահություն ներշնչեց, որ ներդրումներ իսկապես կլինեն: Երբ երկրորդ անգամ եկա, նրանք` Աշոտն ու Ն. Կճոյանը, մեկնեցին Կիպրոս: Ես նրանց օդանավակայանում ճանապարհեցի: Աշոտը Սիերա Լեոնեում ընկերություն չունի: Նա պետք է բաժնեմաս ստանար ընկերությունում ներդրումներ կատարելուց հետո: Բայց նա որևէ բաժին չստացավ, քանի որ խոստացված ներդրումների կեսն էլ չկատարեց»,- պատմել էր Ռուբեն Մկրտչյանը:


Հիշեցնենք, որ «Օֆշորային սկանդալի» մասին առաջին հրապարակմամբ «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» վերնագրի ներքո Hetq.am-ը հանդես եկավ մայիսի 29-ին:

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Hetq.am-ը հրապարակել էր խմբագրություն ուղարկված Աշոտ Սուքիասյանի նամակը, որում նա հայտնել էր, որ օֆշորային գոտում ընկերությունն ինքն է գրանցել՝ առանց ընկերության մյուս երկու բաժնետերերի տեղեկության։
Դրանից հետո որոշում կայացվեց դեռևս անցած տարի հարուցված քրեական գործի շրջանակներում Աշոտ Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց։

Նշենք, որ այս սկանդալին իրենց առնչությունը հերքել են թե՛ վարչապետը, թե՛ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ 

Մեկնաբանելով նոր բացահայտումներից բխող հետևանքները՝ Զոյա Թադևոսյանը նկատեց, որ տարբեր օֆշորային ձեռնարկություններում գրանցումներ անելու և դրանցում ներդրումներ անելը համարվում է օրինական, երբ դրա ստողծողը ընդունում է իր՝ օրինական հիմքերով ձեռնարկության հիմնադրումը և հիմնավորում նպատակները:

«Տվյալ պարագայում վարչապետը հրաժարվում է և նույնիսկ դիմել է դատախազություն, որ ապացուցի, որ այդ ձեռնարկության հիմնադրման հարցում ինքն ընդհանրապես մասնակցություն չունի, ինչը աբսուրդ է։ Նույնիսկ այդ մակարդակի պաշտոնյայի համար բավականին ծաղրական տեսանկյունից հնչեցվող փաստարկ: Եվ կարծում եմ՝ մի քիչ արժանապատվություն ունեցող պետական պաշտոնյան նման արարք իրեն թույլ չէր տա: Իսկ ինչ վերաբերում է նրա հրաժարականին, ապա սա պետական մակարդակով պաշտոնական դիրքի չարաշահում է, և կարելի է ցանկացած պարագայում դիտարկել որպես հանցագործություն»:

Տնտեսագետն ավելացրեց, որ անհասկանալի է, որ չունենալով որևէ բիզնես, այս մակարդակի պաշտոնյան ունի հսկայական գումարներ, որոնցով էլ կարողանում է մասնակցել օֆշորային նման ձեռնարկումներին: