Թուրքական կառավարությունը ցանկանում է բանակին զրկել հեղաշրջումներ անելու իրավունքից

12:25 • 28.06.13

Թուրքական իշխանությունները որոշել են փոխել բանակի կանոնադրությունը՝ զրկելով զինվորականներին պետական հեղաշրջում անելու իրավունքից։

 

Ինչպես տեղեկացնում է Hurriyet Daily News-ը, համապատասխան փոփոխությունների նախագիծը Թուրքիայի կառավարությունը հունիսի 27-ին ներկայացրել է խորհրդարան։


Փոփոխությունները կսահմանափակեն զինվորականների մասնակցությունը երկրի ներքաղաքական կյանքին։ Օրինագիծը կսկսի քննարկվել 2013թ-ի աշնանը՝ ամառային արձակուրդներից վերադառնալուց հետո։

 

Թուրքական բանակը հեղաշրջում անելու իրավունք էր ստացել 1960թ.-ից։ Այս ընթացքում զինվորականները 4 անգամ փոխել են իշխանությունը։

 

Թուրքիայի կառավարությունն այս փոփոխություններն արել է զանգվածային ցույցերի ֆոնին, որոնք երկրում սկսվել են 2013թ.-ի մայիսից։ Սկզբում ցուցարարները բողոքում էին Ստամբուլի Գեզի պուրակում ծառահատումներ անելու Թուրքիայի կառավարության որոշման դեմ, սակայն ցույցերն ուժով ցրելու փորձից հետո դրանք վերածվել են հակակառավարական զանգվածային ակցիաների, որոնց ընթացքում պահանջում են վարչապետ Էրդողանի հրաժարականը։