Վահագն Խաչատրյանը համոզված է, որ վարչապետի մասնակցությամբ է օֆշորային գործարքը տեղի ունեցել

13:36 • 28.06.13

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ծանոթ լինելով Հայաստանում բանկային համակարգի պրակտիկային, համոզված է, որ Hetq.am կայքի հրապարակած օֆշորային գոտում տեղի ունեցած գործարքը, իրականում, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և Աշոտ Սուքիասյանի մասնակցությամբ է եղել, չնայած որ, այն թե՛ վարչապետ Տիգրան Սարգսյանը և թե՛ Նավասարդ Կճոյանը հերքել են։

«Համոզված եմ, որ վարչապետը մասնակցություն ունեցել է, և այս գործարքն իրականում եղել է՝ իմանալով ՀՀ-ում բանկային համակարգի պրակտիկան և հաշվի առնելով, որ որևէ բանկ այսպիսի գումարի վարկ, եթե ոչ առանց պետական երաշխավորության, ապա գոնե լռելյայն համաձայնության կամ հանձնարարության, չէր տա։ Այսինքն՝ ուզում եմ ասել, որ այս ծրագրի մասին կառավարությունը տեղյակ է եղել։ «Ամերիա» բանկը այդպիսի գումար հենց այնպես չէր տա»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Վահագն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ըստ Hetq.am կայքի՝ «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» վերնագրով հրապարակման մեջ տեղ գտած տեղեկության՝ վարչապետը Կիպրոսում օֆշորային գոտում գրանցված կազմակերպություններից մեկի բաժնետեր է, ու նրա գործընկերներն են Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և գործարար Աշոտ Սուքիասյանը:

Տնտեսագետը նկատեց, որ Հայաստանում նույնիսկ 100 000 դոլար վարկ վերցնելու դեպքում առանց երաշխավորության ոչ ոք վարկ չի տա, քանի որ դա համարվում է ռիսկային։ «Այնպես որ, ես ի սկզբանե՝ նյութի հրապարակումից հետո, համոզված էի, որ ինչ որ տպագրված է hetq.am-ում և որի մասին հետագայում հերքում էին թե՛ վարչապետը, թե՛ Կճոյանը, միանգամայն ճիշտ է ու համապատասխանում է իրականությանը։ Երկրորդ հրապարակումից հետո արդեն ամբողջական պատկերը պարզ էր, թե ինչպես է եղել, ինչի համար է եղել»,- ասաց նա։

Վահագն Խաչատրյանը նշեց, որ իր կարծիքով, սկանդալային հրապարակումից անմիջապես հետո վարչապետը պետք է հրաժարական տար։ «Դա վաղուց պետք էր, այդ սկանդալային պատմությունից անմիջապես հետո, ինչպես տեղի ունեցավ Չեխիայում մի քանի օր առաջ, այն ինչ տեղի է ունենում շատ երկրներում, երբ կասկած է լինում երկրի բարձրաստիճան պաշտոնյաների, առավել ևս վարչապետի գործունեության հետ»,- ասաց նա և հավելեց, որ թե՛ վարչապետի, թե հոգևորականի հերքման մեջ տրամաբանություն չկա։

«Մեր երկիրը լրիվ այլ մոլորակում է գտնվում, և մեր երկրում գործողությունների տրամաբանություն փնտրել, առավել ևս, երբ այն վերաբերվում է իշխանությանը, հնարավոր չէ, քանի որ իշխանությունը վաղուց որևիցե ձևով պատասխանատու չէ իր ժողովրդի, իր քաղաքացիների առաջ։ Եթե ուզենք տրամաբանություն գտնել, չենք կարող, մի՛ փորձեք տրամաբանություն գտնել այնտեղ, որտեղ այն գոյություն չունի»,- եզրափակեց տնտեսագետը։