Ամերիկացի քաղծառայողները լքում են Եգիպտոսը՝ ԱՄՆ քաղաքացու զոհվելուց հետո
ԱՄՆ իշխանություններն արտոնել են ԱՄՆ քաղծառայողների և նրանց ընտանիքների անդամների ելքը Եգիպտոսից, նաև խորհուրդ են տվել զերծ մնալ այդ արաբական երկիր այցելություններից՝ պայմանավորված զանգվածային անկարգություններով։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին ասված է արտերկրում բնակվող ամերիկացիներին արված նախազգուշացման մեջ։
ԱՄՆ արտաքին գերատեսչության ներկայացուցիչները նշել են, որ սահմանափակ թվով քաղծառայողների, որոնց ներկայությունն արտակարգ այս իրավիճակում անհրաժեշտություն չի համարվում, ժամանակավորապես թույլատրվել է դուրս գալ Եգիպտոսից։
Ավելի վաղ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում զոհվել էր ամերիկացի, որը գտնվել էր նախագահ Մուհամմեդ Մուրսի կողմնակիցների և հակառակորդների բախումների կենտրոնում։
Համաձայն առկա տեղեկությունների՝ ԱՄՆ քաղաքացին զոհվել է դանակի հարվածից առաջացած վերքից։ Հայտնի է, որ նա օգտագործել է հեռախոսի տեսախցիկը՝ գտնվելով «Մուսուլման եղբայրների» գրասենյակի մոտակայքում։










