Ղազախստանում ինքնաթիռ է կործանվել. զոհվել է օդաչուն
Ղազախական ավիաընկերությանը պատականող Ан-2 ինքնաթիռը կործանվել է ավիաքիմիական աշխատանքների իրականացման ընթացքում՝ Ղազախստանի Կըզըլորդի շրջանում. տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Այսօր երկրի պաշտոնական աղբյուրները տեղեկացրել են, որ զոհվել է ինքնաթիռի հրամանատար, Ուզբեկստանի քաղաքացի Սերգեյ Կապիլաժը։ Մյուս օդաչուն՝ Ղազախստանի քաղաքացի Վալերի Սիլավոլը այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։
Ինքնաթիռի կործանման հարցով քրեական գործ է հարուցվել՝ «Տեղաշարժման անվտանգության կանոնները խախտելը, որը հանգեցնում է մարդու մահվան» հոդվածով։ Դեպքի վայրում աշխատում է քննիչների խումբը։
Ан-2 ինքնաթիռի վթարն այս տարվա առաջին դեպքը չէ Ղազախստանում։ Տարեսկզբից խորհրդային արտադրության ավելի քան 40 տարի շահագործված այդ ինքնաթիռների 7 ավիավթար է գրանցվել, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ։










