Կոնգոյում բռնկված խոլերայի համաճարակից 257 մարդ է մահացել

12:51 • 29.06.13

Կոնգոյի հանրապետությունում գրանցված խոլերայի համաճարակը 257 մարդու կյանք է խլել. տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։


Համաձայն ՄԱԿ-ի հունամիտար հարցերի համակարգման վարչության տվյալների՝ տարվա սկզբից Կատանգա նահանգում գրանցվել է խոլերայով հիվանդանալու 11.100 դեպք։


Վարչության ներկայացուցիչ Յենս Լաերկեն ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ համաճարակի բռնկման էպիկենտրոնը եղել է Լուբումբաշի քաղաքը, որտեղ մայիսին վարակվել է 6000 մարդ։


Խոլերայի վարակի պատճառը մաքուր ջրի բացակայությունն է և սանիտարական վատ պայմանները՝ հատկապես ներքին տեղահանվածների շրջանում։


Յենս Լաերկեն հաղորդել է, որ զինյալ բախումներ են ընթանում բանակի և ապստամբ խմբավորումների միջև։ Դա հանգեցրել է նրան, որ այս պահին նահանգում մոտ 350 հազար ներքին տեղահանված կա։