Հարավաֆիկյան Հանրապետության ոստիկանությունը աղմկաբեր նռնակներ է կիրառել Օբամայի այցի դեմ բողոքող ցուցարաներին ցրելու համար
Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքում շաբաթ բախումներ են տեղի ունեցել ԱՄՆ նախագահի այցի դեմ բողոքող ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև, հաղորդում է РИА Новости-ն՝ արևմտյան լրատվական գործակալություններին հղումով:
Հաղորդվում է, որ զինված ոստիկանները ժողովրդին ցրելու նպատակով աղմկաբեր նռնակներ են կիրառել: Բախումները տեղի են ունեցել քաղաքի հարավարևմտյան մասում՝ Յոհանեսբուրգի համալսարանի մոտ, որտեղ նախագահ Օբաման հանդիպել է երիտասարդների հետ:
Բախումներն ակտիվացել են այն ժամանակ, երբ Բարաք Օբաման և ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման հանդիպել են Նելսոն Մանդելայի հարազատների հետ, հաղորդում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան տեղափոխվել է հիվանդանոց թոքերի բորբոքումով: վերջինիս առողջական վիճակը վատթարացել էր օրեր առաջ, սակայն այժմ կայունացել է:










