ԱՄՆ-ի Տեխաս նահանգի բնակիչը կարող է 8 տարվա ազատազրկման դատապարտվել Facebook-ում թողած գրառման համար
ԱՄՆ քաղաքացի Ջասթին Քարտերին սպառնում է 8 տարվա ազատազրկում սոցցանցում զարհուրելի գրառում կատարելու համար: Երիտասարդին մեղադրում են «ահաբեկչական բնույթի սպառնալիք» հնչեցնելու մեջ, տեղեկացնում է Russia Today-ը:
18-ամյա Ջասթինը Facebook սոցիալական ցանցում վիճաբանել է իր ընկերոջ հետ, ինչի ժամանակ ընկերը նրան «խենթ» է անվանել: Ի պատասխան ընկերոջ վիրավորանքին՝ երիտասարդը սարսափեցնող մեկնաբանություն է գրառել. «Ես կրակահերթ կբացեմ երեխաներով լի դպրոցում, և կուտեմ նրանց բաբախող սրտերը»:
Այս մեկնաբանությունը տեսնելով՝ Կանադայի քաղաքացուհին, ով լրջորեն վախեցել էր, պարզել է, որ երիտասարդը բնակվում է դպրոցի մոտակայքում և դիմել է ոստիկանություն:
Ոստիկանները ձերբակալել էին երիտասարդին փետրվարին, իսկ մարտին դատարանը նրան «ահաբեկչական բնույթի սպառնալիք» հնչեցնելու մեղադրանք էր ներկայացրել: Վերջնական դատավճիռը կկայացվի հուլիսի 1-ին:










