ՀՀ արտաքին քաղաքականությունը, դժբախտաբար, կախված է Ռուսաստանից. Խաչատուր Քոքոբելյան

08:01 • 01.07.13

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը համոզված է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը, դժբախտաբար, կախված է մեկ պետությունից։


«Ցավոք սրտի, տարիներ ի վեր ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը ռուսական արտաքին քաղաքականության մի մասն է, սակայն միշտ չէ, որ մեր շահերը և Ռուսաստանի շահերը համընկնում են»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ պնդելով, որ այսօր Հայաստանը բոլոր մակարդակներում իրականացնում է ոչ արդյունավետ կառավարում:


Խաչատուր Քոքոբելյանը չի կիսում տեսակետները, թե Մաքսային միությանը միանալու պարագայում Հայաստանը տնտեսապես կշահի՝ գազը կէժանանա, նույնիսկ թոշակների բարձրացում տեղի կունենա:


«Մեր անկախությունը զիջելու դիմաց կարող է մեզ շատ փող էլ տան, բայց ինչեր կկորցնենք այդ դեպքում, և դա կարծում եմ, որ շատ խիստ է շահարկվում բոլոր այն մարդկանց կողմից, ովքեր կողմնակից են կամ ուղղակի կրում են ռուսական ազդեցությունը, որ Հայաստանն, անպայման, պետք է դառնա Մաքսային միության անդամ»,- ասաց նա և ավելացրեց, թե օրվա հրամայական է դեպի Եվրոպա կողմնորոշումը:


«Եթե մենք չենք ընտրելու Եվրոպական ուղղությունը, իմ խորին համոզմամբ, դժբախտաբար, Հայաստանը կհայտնվի շատ ծանր կացության մեջ: Ես գտնում եմ, որ և երբեմն այնքան են պրիմիտիվացնում՝ հասարակությանը մատուցելով եվրոպական արժեքները, եվրոպական ստանդարտները, որ զարմանալ կարելի է: Հայաստանում պետք է կիրառել բացառապես 21-րդ դարին հարիր քաղաքականություն, որը կբերի արժանապատիվ ապրելու կողնորոշում»,- ասաց նա։


«Ազատ դեմոկրատների» ղեկավարը խնդրեց ուշադրություն դարձնել Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ճնշումներին, մասնավորապես՝ գազի սակագնի թանկացում, ՀԱՊԿ-ի ոչ անդամ Ադրբեջանին զենքի մատակարարում և այլն:


«Ռուսաստանի կողմից իրականացվող քաղաքականությունը ոչ թե «մեսիջներ» են, այլ ակնհայտ ճնշումներ։ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, հիմնական ռազմավարական գործընկերը, բայց արի ու տես, որ նա զինում է մի պետության, որը մեր հանրապետության ամենամեծ հակառակորդն է հանդիսանում»,- ասաց նա:


Հարցին, թե ինչ է տալիս Եվրոպան, Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Դեպի Եվրոպա գնալը մեծ հնարավորություն է առաջ գնալու զուտ տնտեսական առումով, ինչպես նաև մարդու իրավունքների առումով»:


Դիտարկմանը, որ Հայաստանի դեպքում ոչ պակաս կարևոր է անվտանգության երաշխավորումը, Խաչատուր Քոքոբելյանն արձագանքեց այսպես.«Այ այդտեղ ես էլ եմ համաձայն, որ այդտեղ Արևմուտքը պետք է մեզ առաջարկի լուրջ ալտերնատիվ, հստակ ալտերնատիվ, որի դեպքում ՀՀ ԼՂ անվտանգության խնդիրը օդում կախված չլինի»,- ասաց նա:


Ինչ վերաբերվում է Հայաստանի  իշխանությունների վարած բազմավեկտոր քաղաքականության հնարավորությանը, ապա ԱԺ պատգամավորը նշեց, որ այդպես հնարավոր չի երկար շարունակել: 



«Չկա բազմավեկտոր քաղաքականություն, ուղղակի Հայաստանը  եվրոպացիների հետ բարեկամանական քաղաքականություն է վարում, և դա կանի այնքան, մինչև ռուսական կողմին չխանգարի: Դժբախտաբար, մինչև այսօր նորանկախ Հայաստանի պատմության մեջ մենք ականատես ենք եղել, որ երբ ռուսական շահերին խոչընդոտում են մեր հարաբերությունները, այդ հարաբերությունները վատթարանում են»,- ասաց նա:


«Կցանկանամ այս անգամ այդպես չլինի և, այո՛, ընդդիմություն լինելով հույս ունեմ, որ իշխանություններն իրենց մեջ կամք կունենան և Ասոցացման պայմանագրի գործընթացը մինչև վերջ իր ավարտին կհասցնեն»,- եզրափակեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը: