ԵՊՀ-ում Սերգեյ Սայադովը ներկայացրեց «Հայազգ» ռուսալեզու համացանցային հայագիտական հանրագիտարանը
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտն այսօր հանդիպում էր կազմակերպել Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքի գործադիր տնօրեն, նորաբաց հայագիտական կենտրոնի տնօրեն Սերգեյ Սայադովի հետ: Առիթը հայագիտական կենտրոնի տնօրենի հեղինակած «Հայազգ» ռուսալեզու համացանցային ամենամեծ հայագիտական հանրագիտարանն էր (ru.hayazg.info), որն ապագայում, ի դեպ, նախատեսվում է դարձնել բազմալեզու։
Սերգեյ Սայադովը, ով 30 տարի է զբաղվում է հայագիտական հարցերով, ներկայացրեց հանրագիտարանը՝ նշելով, որ դրանում ընդգրկված են հայոց պատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին և հայագիտական բազմաբնույթ այլ թեմաների առնչվող հոդվածներ։
«Սա ոչ թե հանրագիտարան է, այլ ճանապարհային քարտեզ հայերի մասին։ Էլեկտրոնային կատալոգ է՝ ընտրության մեծ հնարավորությամբ»,- ասաց նա և հավելեց, որ կայքում, բացի հոդվածներից, կարելի է գտնել էլեկտրոնային գրքեր, ֆիլմեր, աշխարհի թանգարաններ, որոնք ինչ-որ կերպ առնչվում են հայերի ու Հայաստանի հետ։
Սերգեյ Սայադովը «Հայազգի» և «Վիկիպեդիայի» միջև զուգահեռներ անցկացրեց և նշեց, որ «Վիկիպեդիայի» հիմնական կանոնն իրեն դուր չի եկել, այն է՝ բաց է խմբագրելու համար և ցանկացած մարդ կարող է մտնել ու փոփոխություններ անել հոդվածում։
Խոսելով կայքի այցելությունների մասին՝ Սերգեյ Սայադովը նշեց, որ այն տարեկան 25%-ով աճում է, սակայն ընդգծեց, որ իրենք կայքի գովազդով չեն զբաղվում։
«Էլեկտրոնային հանրագիտարանը պարբերաբար թարմացվում է և 2013-ի դրությամբ ունի շաբաթական 25 000 այցելություն»,- ասաց նա և տեղեկացրեց, որ այցելությունների աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանը՝ 58%, Հայաստանը 22%, Ուկրաինան 7%, ինչպես նաև ԱՄՆ-ը, Բելառուսը, Ղազախստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Իսրայելը, Թուրքիան և նաև Ադրբեջանը։
Կայքի հեղինակը նաև նշեց, որ ինքը հանդիպումներ է ունեցել ՀՀ Սփյուռքի նախարարությունում, ուր կարևորել են համահայկական էլեկտրոնային կայքի գործունեությունը և ընդունել, որ այն կարող է լավ խթան հանդիսանալ աշխարհով մեկ սփռված հայությանը համախմբելու հարցում։










