Սուրիկ խաչատրյանի որդու ու թիկնապահի քրեական հետապնդումը դադարեցվել է Ռ. Սահակյանի միջնորդության հիման վրա

14:53 • 07.09.13

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի արարքներում ինքնապաշտպանության հետևանքով նրանց քրեական պատասխանատվությունից ազատելու որոշումը ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը կայացրել է ՀՀ փաստաբանների պալատի միության նախագահ Ռուբեն Սահակյանի և փաստաբան Մարտին Զիլֆուղարյանի միջնորդության հիման վրա: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Տիգրան Խարատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանից, ով նշեց, որ տեղյակ չէ ՀՀ ՊՆ քննչական ծառայության տարածած հայտարարությունից, սակայն, երբ Tert.am-ը տեղեկացրեց, թե ինչ հիմքերով է նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել, նշեց, որ այս մասին միջնորդություն է արել:




Ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս է հիմնավորել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և նրա թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը դիմել են ինքնապաշտպանության, Ռուբեն Սահակյանն ասաց. «Մեջբերել ենք ՀՀ քրեական օրենսգրքի 42 (անհրաժեշտ պաշտպանությունը), հատկապես առաջին և հինգերորդ մասերը, փաստել ենք, որ նրանք գործել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Այսինքն՝ պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքին, առողջությանը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից պաշտպանվելով՝ կատարել են այդ գործողությունը՝ կրակել և վնաս են հասցրել Արտակ Բուդաղյանին և Ավետիք Բուդաղյանին: Ինչ վերաբերում է Նիկոլայ Աբրահամյանին, ապա նրա վրա կրակել է Ավետիք Բուդաղյանը»,- ասաց փաստաբանը՝ մեկնաբանելով, որ իր նախկին պաշտպանյալը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չեն կատարել:


Նշենք, որ Քրեական օրենսգրքի մեջբերված հոդվածի 1-ին կետով՝ «հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն՝ պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը և իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից՝ ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում» , իսկ 5.-րդ՝ կետը ամրագրում է. «անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չի համարվում և քրեական պատասխանատվության չի հանգեցնում զենքի կամ ցանկացած այլ միջոցների կամ առարկաների գործադրումը զինված անձի հարձակումից կամ անձանց խմբի հարձակումից պաշտպանվելու համար, ինչպես նաև ապօրինաբար և բռնությամբ բնակարան կամ այլ շինություն ներխուժելը կանխելու համար` անկախ ոտնձգողին պատճառած վնասի ծանրությունից»:


Ի պատասխան հարցի, թե Տիգրան Խաչատրյանն ի՞ր զենքից է կրակել և ունեցե՞լ է զենք կրելու թույլտվություն , Ռուբեն Սահակյանը նշելով, որ ոչ, հավելեց, որ Տիգրան Խաչատրյանը կրակել է հոր՝ Սուրիկ Խաչատրյանի օրինական գրանցում ունեցող զենքից, որը վերցրել է հոր պահարանից:


Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը Tert.am-ին հայտնեց , որ պաշտոնապես Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին տեղեկացված չէ և այդ մասին տեղեկացել է կայքերից, սակայն ավելացրեց, որ եթե այդ ամենը ճիշտ է, անպայման կբողոքարկի:


Մինչդեռ Ռուբեն Սահակյանը այս առնչությամբ հայտարարեց. «Բոլոր ժուռնալիստներին, կայքերին առաջարկում եմ՝ եկեք նստենք միասին և դիտենք տեսաժապավենը: Հայկ Ալումյանը ճիշտ չի ներկայացնում փաստերը, այն, ինչ տեսանելի է, ինքն էլ տեսնում: Նա գլխիվայր է տեսնում ամեն ինչ և ապակողմնորոշում հասարակությանը»: