«Բոյկոտ». Արշակ Զաքարյանի հոլովակն ընդդեմ թուրքական արտադրանքի
Կինոռեժիսոր Արշակ Զաքարյան, ով ընդդեմ թուրքական ապրանքների օգտագործման «Բոյկոտ» վերնագրով հոլովակ է նկարահանել, այսօր կայացած ասուլիսին ներկայացնելով դրա նպատակները, ասաց, որ խնդիրը եղել է տեղական արտադրությունը խթանելը։
«Ճիշտ է, բողոք առաջացավ նաև թուրքերի կողմից, նրանք նույնիսկ բողոք ներկայացրեցին Youtube-ում, բայց այն փակվեց: Բողոքողները Հայաստանում ավելի շատ էին, թուրքական ապրանք բերողներն էին»,– ասաց նա:
Կինոռեժիսորի խոսքով՝ հիմնական նպատակը տեղական արտադրությունը խթանելն է, որ ձեռնարկատերերը չվախենան արտադրել, որ այստեղ արտադրեն և չգնան ուրիշ երկիր, այնտեղից ապրանքներ բերեն:
«Ես անձնապես դեմ եմ հենց Թուրքիայից բերված ապրանքներին: Վերջերս դուրս եկած հրամանի մասին, թե Թուրքիայից սննդամթերք պետք է ներկրվի Հայաստան, ես կրկին ունեմ իմ կարծիքը: Բոլորս էլ գիտենք թե ինչ թույնի տեսակներ կան, որոնք կարող են երկարաժամկետ լինել և ուշ արտահայտվել: Ցանկացած սննդամթերքի մեջ կարող են հիվանդության հարուցիչներ լինեն»,- ասաց նա։
«Ինչու՞ մենք պետք է հիմնվենք այնտեղից բերված սննդամթերքի վրա այն դեպքում, երբ մեր գյուղացին սոված է: Ջրերն այնպես են թանկացրել, որ գյուղացին չի կարողանում ջրել հողերը և այն շուտով կդառնա անապատ»,– ավելացրեց ռեժիսորը:
Արշակ Զաքարյանը նաև ասաց, որ «Բոյկոտ» ֆիլմը ԱՄՆ–ում հեռուստատեսությամբ ցուցադրվում է օրական չորս անգամ: Եվ դրանով Հայաստանը կարող է արգելք սահմանել թուրքական ապրանքների նկատմամբ, մինչ բացվի սահմանը:
«Դա պետությունը պետք է արգելի: Թույլ տալ, որ մենք գնանք Թուրքիա, առևտուր անենք, հարստացնենք թշնամուն, ով այդ փոսերը հետագայում օգտագործում է մեր դեմ, անընդունելի է»,- ասաց կինոռեժիսորը՝ ընդգծելով, որ այսօր հայկական շատ արտադրողներ արտադրում են տեղական ապրանք, սակայն վրան գրում են «Արտադրված է Թուրքիայում», որպեսզի լավ և թանկ վաճառվի:









