Հեղափոխությունից բացի, ՀՀ-ում իրավիճակ փոխելու մյուս ելքը ՀՀ 3 նախագահների հանդիպումն է. Գառնիկ Իսագուլյան

14:03 • 25.09.13

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ով աշխատել է ՀՀ երեք նախագահների հետ, հանգել է եզրակացության, որ Հայաստանի իշխող էլիտան անկախության առաջին տարիներին ունեցած հզոր պոտենցիալն ու կապիտալը վատնել է սեփական վերարտադրության վրա և ըստ նրա, հեղափոխությունը չհաշված, փրկության ընդամենը մի ելք կա. ՀՀ երեք նախագահների հանդիպումն ու քննարկումը՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

«Ի՞նչ է պետք է անել, որպեսզի կուտակեք ազգային և պետական կապիտալ։ Կան շատ լուրջ վտանգներ, Հայաստանում երբեք չի եղել դիմակայություն արևմտամետների և ռուսամետների միջև, ինչը արդեն արտահայտվում է հասարակության մեջ, այսինքն՝ մարդիկ այլևս չեն ուզում իրար հանդուրժել։ Սա կբերի հասարակության երկփեղկվածության»,- ասաց նա և հայտարարեց, թե ինքը որոշել է, որ պաշտոնապես դիմելու է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գործող նախագահ Սերժ Սարգսյանին։

«Նախ հանդիպելու եմ իրենց հետ և առաջարկելու նախաձեռնել նրանց հանդիպումը։ Այնուհետև հանդիպելու եմ ԼՂՀ նախկին նախագահի Արկադի Ղուկասյանին նաև Բակո Սահակյանին, նրանց առաջարկելու եմ միանան այս ֆորմատին, եթե համարեն, որ իմ նախաձեռնությունն այն մակարդակի չէ, ապա թող իրենք նախաձեռնեն»,- ասաց նա։

Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ այսօր քաղաքական վերնախավը, իշխող կոալիցիան անընդունակ են իրենց մեջ մի հարց դնել և քննության արդյունքում լուծում առաջարկել։

«Բոլոր այն ասածները, որ իբր լուրջ քննարկումների արդյունքում են հանգել սեպտեմբերի 3-ին, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում։ Այնտեղ բացառապես մեկ մեխանիզմ է. վերևից մեկ միտք, որը մեխանիկորեն կրկնում են։ Վաղը հակադիրն ասվեց, կրկնելու են դա։ Սա քաղաքական անմեղսունակություն է, չկա իշխանության մեջ այն մարդը, որ կարող է բարձրաձայնել, որ ինքը համաձայն չէ, այն որոշման հետ, ինչն ունի երկրի նախագահը։ Հարկավոր է ձևավորել մի մարմին, որն ունակ է այս հարցը առաջ քաշելու, և այդ մարմինը կարող է լինել նախագահների խորհուրդը»,- ասաց նա։
Նա նշեց, թե ինքն արդեն իսկ գործող նախագահին հասցրել է իր խնդրանքը, որը կանի նաև այցելելով և խնդրելով, որ նա ինքը նախաձեռնի առաջին, երկրորդ, և երրորդ նախագահների հանդիպումը։ «Սա միակ ֆորմատն է, որի դեպքում հնարավոր կլինի հետագա լուծումներ առաջարկել, կարող է լինել ֆորմատը երեք + երկու, այսինքն՝ նաև ԼՂՀ նախագահների մասնակցությունը, կարող է լինել երեք + երկու +երկու, քանի որ եպիսկոպոսաց ժողով է ընթանում, ես կառաջարկեի Վեհափառ հայրապետներին ևս նման առաջարկով հանդես գան, կարող է նաև նվազագույնը երկու նախագահների հանդիպում լինի, դա էական չի, միևնույն է այս ֆորմատների ցանկացած ձև, կխթանի մտքերի գեներացիային, մտքերի կապիտալի հավաքագրում կլինի, որը չունենք»,- ասաց նա և ավելացրեց, թե իր ունեցած տեղեկությամբ՝ առնվազն երեք տարի է, որ ՀՀ-ն նախագահների միջև շփում չի եղել։

Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ ինքը երեք նախագահների հետ աշխատել է, երեքի հետ էլ սեղան է նստել։ «Կարող եմ ասել, որ նույն թամադան տարբեր ժամանակներում նույն հաղթանակները վերագրել է առաջինի դեպքում առաջին նախագահին, հետո երկրորդին, հետո երրորդին։ Այս վիճակից պետք է դուրս գանք»,- ասաց նա և նշեց, թե դա մթնոլորտ կփոխի և խթան կլինի, որ մյուս քաղաքական շերտերում իրական քննարկումից չվախենան։

Բանախոսը վերջում նշեց, որ մյուս ելքը հեղափոխությունն է։ «Եթե կարողանում եք ու մարդ կա, եկեք արեք»,- ասաց նա։