Մաքսային միության հարցով հանրաքվեն անիմաստ ձևականություն է. Արմեն Բադալյան
- Պարոն Բադալյան, մամուլում վերլուծություններ կան, որ իշխանությունները չեն ցանկանում Մաքսային միությանն անդամակցելու հարցը թողնել հանրաքվեի վրա՝ հղում անելով Սամանադրության 55-րդ հոդվածին, որ ՀՀ նախագահն է իրականացնում արտաքին քաղաքականությունը։ Մինչդեռ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որպես իրավիճակից դուրս գալու ելք մատնանշում էր, որ «Սերժ Սարգսյանը հարց բարձրացնի, որ ՄՄ-ին անդամակցությունը որոշվի հանրաքվեով: Եվ անկախ նրանից, թե ինչ արդյունք կունենա հանրաքվեն, այն այդ որոշմանը կտա լեգիտիմություն՝ որպես ժողովրդի կամարտահայտության միջոց: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, իշխանությունները չեն ցանկանում այդ հարցը լուծել հանրաքվեով:
- Ես չեմ կարող ասել, թե ինչու իշխանությունը չի ցանկանում այդ հարցը լուծել հանրաքվեով, բայց մի օրինակ բերեմ, որ ցույց կտա, որ դա լրիվ անիմաստ է: Եթե հիշում եք՝ «Փակ շուկայի» հետ կապված մի տեսարան կար. երբ 30-40 քաղաքացիական ակտիվիստ դուրս էր եկել «Փակ շուկայի» ձևափոխման դեմ պայքարելու, նրանց դեմ իշխանությունները դուրս բերեցին 1000-1500 մարդ, որոնք հավաքվել էին շուկայի կողքը և գոռում էին՝ «Սամվել Ալեքսանյան բարերար, շինարար, կառուցող» և այլն: Նմանատիպ իրավիճակ է ստեղծվելու հանրաքվեի ժամանակ. քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողների մի մասը, ովքեր դեմ են Հայաստանի՝ Մաքսային միության մեջ մտնելուն, իհարկե, դեմ կքվեարկեն, բայց նրանց ձայներից 20–ապատիկ, 30–ապատիկ ավել իշխանությունը դուրս կբերի մարդկանց, որոնք գնալու են Մաքսային միությանը «կողմ» քվեարկելու՝ ի դեպ, առանց դրա տեքստը կարդալու, վերլուծելու՝ պե՞տք է, պե՞տք չէ, լա՞վն է , վա՞տն է: Ընդամենը մի քանի հազար դրամ կդնեն գրպանը ու կքվեարկեն այնպես, ինչպես պատվիրվում է: Նման իրավիճակներում հանրաքվե անցկացնեն, որ ի՞նչ անեն, հանրաքվեն ձևական բնույթ է կրում:
- Բագրատյանը դա էլ էր ասում , որ միամիտ չէ, բայց միևնույն է՝ պնդում էր, որ դրանով որոշ լեգիտիմություն կտրվի այդ որոշմանը:
- Եթե դու ի սկզբանե գիտես, որ հանրաքվեի արդյունքը լինելու է այնպես, ինչպես պետք է Բաղրամյան 26–ին կամ սեպտեմբերի 3-ից հետո նաև՝ Կրեմլին, էդ դեպքում հանրաքվե անցկացնես, որ ի՞նչ անես: Ինչո՞ւ մի ձևականության կողքին դնես մյուս իրավական ձևականությունը: Որ ինչ-որ իրավական հիմնավորում ապահովե՞ն, էդ հիմնավորումը հիմա էլ կա, որ նախագահը ունի այդ լիազորությունը, որ ինքը իրավունք ունի նման հայտարարություն իրավասություն:
Որովհետև, կներեք, վերջին երեք տարում եղավ փաստացի հանրաքվե. ԱԺ ընտրություններ, նախագահի ընտրություններ, Երևանի ավագանու ընտրություններ: Իսկ ավելի ճիշտ է ասել՝ ընտրական միջոցառումների ժամանակ «Հանրապետական» խմբակցությունը մեծամասնություն ստացել է, էլ հանրաքվե անում են, որ ի՞նչ անեն … Որ ո՞ւմ զարմացնեն՝ Ռուսաստանի՞ն, որ տեսեք, որ հանրաքվեի ենք գնում, որպեսզի իմանանք հասարակության կարծի՞քը: Հավատացած եղեք, որ և՛ Ռուսաստանում, և՛ Արևմուտքում շատ լավ գիտեն, թե Հայաստանում ընտրությունները և հանրաքվեները, որոնք նույնպես ընտրություններ են, ինչպես են անցկացվում:
Նորմալ երկրներում հանրաքվեն արվում է հասարակության տեսակետը իմանալու համար: Իսկ, ի դեպ, մեր հասարակության 95 տոկոսին բացարձակ չի հետաքրքրում՝ Հայաստանը Մաքսային միության մեջ կլինի՞, չի՞ լինի, ԵՄ–ի՞ հետ Ասոցացման պայմանագիր կկնքի, թե՞ Ռուսաստանի կազմում կլինի: Հանրաքվեի լուրը հասարակության այդ 95 տոկոսին կուրախացնի միայն նրանով, որ հանրաքվեից մի քանի օր առաջ իրենց գրպանները լրացուցիչ 10-15 հազարական դրամ գումար կդրվի:
-Ի դեպ, Դուք առաջիններից մեկն էիք, որ ասել էիք, որ մեզ ո՛չ սպասում են ԵՄ-ում, ո՛չ Մաքսային միությունում:
- Իրոք չեն սպասում, որովհետև Հայաստանն այնպիսի տնտեսական պոտենցիալ չունի, որ Մաքսային միության մեջ մտնելով՝ որակական փոփոխություն տա այդ միությանը: Այ, Ուկրաինան ուրիշ հարց է, որը հզոր տնտեսական պոտենցիալ ունի, և Ռուսաստանը շատ է ցանկանում է, որ այն մտնի մաքսային տարածք: Իսկ Հայաստանը, եթե չգնար այդ Ասոցացման պայմանագրի ուղղությամբ, միգուցե ոչ ոք էլ Հայաստանը Մաքսային միության մեջ չմտցներ: Ի դեպ, լրատվական դաշտում մի շատ տարածված սխալ կա. մի բան պետք է հասկանանք՝ սեպտեմբերի 3-ին ոչ թե գործող նախագահը հայտարարեց, որ Հայաստանը մտնում է Մաքսային միության մեջ, այլ Ռուսաստանի նախագա՛հը ցանկություն հայտնեց, որ Հայաստանը մտնի Մաքսային միության մեջ, ինչի մասին հնչեցրեց Սերժ Սարգսյանը: Բայց որոշումը՝ վերջնական, եղել է Վլադիմիր Պուտինինը:
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոլորովին չի շտապում որևէ տեսակետ արտահայտել Մաքսային միության հետ կապված: Ի տարբերություն, օրինակ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության, որն այս անգամ հստակ կողմ արտահայտվեց:
- Նախ, դե յուրե պատասխանը այսպես կլիներ. որ քանի դեռ այս կամ այն կուսակցությունը չի տեսել Մաքսային միության վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, որոնք ստորագրելուց հետո նոր պարզ կլինի, թե Հայաստանը ՄՄ մտնելու հետո շահո՞ւմ է, չի՞ շահում, մինչև այդ պահը ոչ մի կուսակցություն ձեն չի հանելու: Սա դե յուրե պատասխանը, բայց դե ֆակտո պատասխանն այն է, որ սեպտեմբերի 3-ին, բոլորը, այդ թվում՝ երկրի ներսում ու դրսում՝ միջազգային հանրությունը, երբ որ Ռուսաստանը կարողացավ հինգ րոպեում Հայաստանի նախագահին կոտրելով, իր համար որոշում պարտադրել, հասկացան մի բան, որ Ռուսաստանը ունի ոչ միայն իրավասություն՝ իրականացնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, այլև երկրի ներքաղաքական հարցեր լուծել: Իսկ եթե հայտարարում ես, որ դեմ ես Մաքսային միությանը, արդեն դեմ ես դուրս գալիս ոչ թե գործող նախագահին, այլ դեմ ես դուրս գալիս Պուտինին: Իսկ Վլադիմիր Պուտինի դեմ դուրս գալը մի քիչ … այսպես ասած վտանգավոր է:
-Իսկ ինչու եք կարծում, որ ԲՀԿ-ն պետք է դեմ արտահայտվեր:
- Միանշանակ չի ամեն ինչ: Շատ տարածված է, որ, իբր, ռուսամետ կուսակցություն է, դա արվում է ընդամենը քարոզչական նպատակներով, իսկ իրականում Հայաստանում չկան արևմտամետ, եվրոպամետ, ամերիկամետ գաղափարախոսություններ: Հայաստանում կա երկու գաղափարախոսություն՝ դու կողմնակից ես գործող իշխանություններին, թե դեմ ես: Ուրիշ գաղափարախոսություն չկա:










