Մաքսային միություն մտնելու գլխավոր պատճառը ՀՀ–ում օլիգարխիկ համակարգը պահելն է. Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսին համոզմունք հայտնեց, որ Մաքսային միությանն Հայաստանի անդամակցության գլխավոր դրդապատճառը երկրում օլիգարխիկ համակարգը պահելն է։
«Մաքսային միությանն անդամ դառնալու դեպքում ֆինանսական կորուստներ ենք ունենալու, ունենալու ենք արտագաղթի ավելի մեծ տեմպեր, Ասոցացման համաձայնագրի դեպքում մենք ինքնուրույն պետք է որոշեինք մեր տոկոսադրույքները»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ՄՄ–ին անդամակելն ուղղակի անընդունելի է։
Արմեն Մարտիրոսյանը իշխանությունների գործողությունները խաբեություն որակեց՝ նշելով, որ դա իր տերմինը չէ, Ռուսաստանի վարչապետի տերմինն է:
«Եթե մենք շանտաժով ենք անդամակցում այդ միությանը, այդ շանտաժը մշտապես կախված է լինելու մեր գլխին, իսկ այսօրվա արդյունքը ոչ լեգիտիմ իշխանության արդյունքն է»,- ասաց նա և ավելացրեց, որ այդտեղ իրենց մեղքն ունեն նաև ընդդիմադիր գործիչները, ովքեր չփորձեցին միասնական ձևաչափ ստեղծել և համատեղ պայքարել:
Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետն էլ է կարծում, որ ՄՄ-ն ոչինչ չի տա Հայաստանին. «Ուստի և ինչ քամի կփչի, ինչպիսի քամի կփչի, մեր տունը իշխանությունների շնորհիվ ծղոտից է պատրաստված: Իսկ Հայաստանի իշխանություններն այլևս որևէ մեկի համար վստահելի գործընկեր չեն»:
Արմեն Մարտիրոսյանը նաև ասաց, որ Հայաստանը կարող էր Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելով, խորացնելով՝ Ասոցացման համաձայնագրի տակ գործել:
«Ցանկացած պարագայում մեր հարևանությունը գնում է դեպի եվրոպական համագործակցության դաշտ»,– ասաց նա՝ ավելացնելով, որ ՄՄ-ն երկարաժամկետ չի գոյատևի, և ինչպես նա ասաց, առավելագույնը դա կարող է լինել հանքահումքային միություն, որն այսօր աշխարհում առաջատար ոլորտ չէ:










