ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն Բուենոս Այրեսում

18:13 • 25.09.13

Սեպտեմբերի 24-ին Բուենոս Այրեսի Հայ կենտրոնի «Սիրանույշ» սրահում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին, տեղեկացնում է Արտգործնախարարության մամուլի ծառայությունը։


Ընդունելությանը ներկա են Արգենտինայի Սենատի և պատգամավորների պալատի, Արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, նահանգային և քաղաքային իշխանությունների անդամներ, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների, կրթական, մշակութային և գործարար շրջանակների, արգենտինահայ համայնքի կառույցների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։


Իր ողջույնի խոսքում Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանն անդրադարձել է անկախության 22 տարիների ընթացքում Հայաստանի անցած ուղուն, ձեռքբերումներին և հայ-արգենտինյան հարաբերություններին։


Բարձր գնահատելով արգենտինահայ համայնքի դերակատարությունը երկկողմ կապերի զարգացման և ամրապնդման գործում` դեսպան Մելիքյանը վերստին իր երախտագիտությունն է հայտնել Արգենտինայի իշխանություններին՝ 1915թ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելու և դատապարտելու, ինչպես նաև այդ ոճրագործությունից փրկված հայորդիներին ապաստան տրամադրելու և ամենայն օժանդակություն ցուցաբերելու համար։


Նա ընդգծել է, որ այսօր առկա է հսկայական ներուժ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար, և համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի հասնել բավականին լուրջ հաջողությունների։