Քննչական միասնական մարմնի ստեղծումը հիմնավորված է ՀԱԿ-ի 2012–ի ծրագրում. Գագիկ Ջհանգիրյան
Միասնական քննչական մարմին ստեղծելու անհրաժեշտության մասին դրույթներ կան «Հայ ազգային կոնգրեսի» 2012 –ի ծրագրում, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ ի պատասխան հարցին, թե որքանով է նպատակահարմար այդ մարմնի ստեղծումը։
«Դուք իմ հայեցակարգը չե՞ ք կարդացել»,– Tert.am–հարցին ի պատասխան ասաց պատգամավորը:
Այսպես. ՀԱԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված Դատաիրավական բարեփոխումներ ի հայեցակարգ-ծրագրում ներառված է «Քննչական ապարատի (մարմնի) միասնականացում և ներքին մասնագիտացման ապահովում»–ը՝ որպես հայեցակարգային բարեփոխում:
« Նախաքննական մարմինների գործունեության ու փորձի մեր ուսումնասիրությունները, նախաքննական մարմինների տարբեր համակարգերի դրական և թերի կողմերի համադրումներն ու վերլուծությունները մեզ հանգեցրել են նախաքննական մեկ միասնական ու ինքնուրույն կառույցի ձեւավորման գաղափարին: Մեր կարծիքով, միասնական նախաքննական մարմնի ստեղծումը մեծապես կսահմանափակի գերատեսչական բոլոր ազդեցությունները մինչդատական վարույթի այդ կարևորագույն փուլի նկատմամբ և բարենպաստ պայմաններ կստեղծի նախաքննության օրինականության նկատմամբ իրականացվող դատախազական հսկողության համար …»։
Հիշեցնենք, որ 2005թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ դատախազությունը զրկվեց նախաքննություն կատարելու լիազորությունից կամ այլ կերպ ասած` դատախազությունից դուրս բերվեց քննչական ապարատը՝ տեղաբաշխվելով տարբեր գերատեսչությունների մեջ, և, արդյունքում, գործող նախաքննական գերատեսչական մարմիններին` ոստիկանություն, անվտանգության ծառայություն, ավելացան նորերը` հարկային, մաքսային մարմինների, պաշտպանության նախարարության քննչական ծառայությունները:
Լուսանկարը՝ slaq.am-ի










